Կեղծն է խոսում պերճ դիմակի տակ…
Սիլվա Կապուտիկյան
Մարդ մարդու էությանը համապատասխանող բոլոր ճշմարիտ արժեքները, մեզանում մոռացված, առհամարհված են և շատ շատերիս մոտ վաղուց արդեն իրենց իրական բովանդակությունից զրկված, գոյություն ունենալով միայն խեղաթյուրված ձևական հարթություններում, լոկ նրանց նմանակեղծիքներն են հանդիսանում: Այսօրվա մեր ընթացքը մի զավեշտախաղ է հիշեցնում, որտեղ բոլորս անխտիր, այդ ճշմարիտ արժեքները կրողի դերեր ենք ստանձնել ու ինքնամոռաց ճամարտակություն ենք անում, ներքուստ զգալով կամ չզգալով անգամ վիճակի ողբերգայնությունը: Դերին համապատասխան կոկորդ ենք պատռում թե Հայ ենք, իրականում չիմանալով անգամ թե դա ինչ է, ձև ենք անում, այսինքն` Հայ չենք, Քրիստոնյա ենք, բայց` չենք, ազգային կամ քաղաքական գործիչ ենք, ազգասեր ու հայրենասեր ենք, մտավորական ենք, պատգամավոր ենք, մեծ բարերար ենք, չգիտեմ էլ ինչ … ենք, սակայն իրականում` չենք, չենք ու չենք: Ձև անելը շատ ավելի դյուրին է, քան լինելը: Լինելու համար մեծ ջանքեր է պետք գործադրել, զոհողությունների է պետք գնալ, քրիստոնյա լինելու համար, պատկերացնելն իսկ անհնար է` “վերստին ծնվել է պետք”: “Ախպեր ձև արա թող գնա, գլխի չեն ընկնի, ով ա հասկանալու, մոմ ա` վառում ենք էլի…”, ասում է ներքին ձայնը: Եվ ահա այսօր մենք, ազգովի, մեզ համար ստեղծել ենք մի իրականություն, որը մի խոսքով կարելի է բնութագրել որպես ԿԱՌՆԱՎԱԼ, որի գլխավոր կառավարիչներ հանդիսացող թագավորի ու եպիսկոպոսի հաստատած օրենքներին համապատասխան ամեն բան փոխարինված է իր հակոտնյայով. Չարը` բարի է, գայլը` գառնուկ, կաշառակերը` կաշառակերության դեմ պայքարող, պոռնիկն`առաքինի, սրիկան` արդարակյաց, ճանապարհի ավարառուն` գործարար, խավարամիտը` լուսավորիչ, անհավատը` քրիստոնյա և այսպես շարունակ: Մեզանում ամեն ինչը ծաղրի ու զավեշտի է վերածված և իրոք չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այս ամենն այսքան տխուր չլիներ:
Սիրելիներս: Եկեք ուշքի գանք: Այսպես ապրել այլևս չի կարելի: Եվս մեկ քայլ և հետդարձի ճանապարհ այլևս չի լինելու: ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌՆ ԱՐԴԵՆ ԴԺՈԽՔՆ է…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=207296846062426&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել