Հունիսի 22-ից 26-ը Հայ ասպետներն ու նժդեհիկները Գեղարքունիքի մարզում էին: Այս արշավին մասնակցում էին Հայ ասպետների 1-ին դասակը, նժդեհիկների 3-րդ և 4-րդ դասակները, «Հայ ասպետ» հեռուստախաղին մասնակցած և արշավ շահած Մեծամորի N 2 ավագ, Վանաշենի միջնակարգ, Մալիշկայի N 1 միջնակարգ, Գորիսի N 4 ավագ դպրոցների սաները, ինչպես նաև «Ասպարեզի» 5 խաղերում 2-րդ և 3-րդ տեղ գրաված մասնակիցները: Վրանային ճամբարը տեղակայված էր Ներքին Գետաշեն գյուղի հարակից եղևնիների պուրակում:
Արշավի առաջին օրը խումբը ճամբար հասավ կեսօրին, ճաշեց, բաժանվեց 4 ջոկատի և սկսեց նախապատրաստվել երեկոյի խարույկին, ջոկատները` ներկայացումներին:
Երեկոն անցավ երգով, պարով, արդեն ավանդույթ դարձած կիթառով:
Հունիսի 23-ին արշավախումբը ճաշնապարհվեց դեպի Վանեվան վանական համալիր, տեղի քահանայից լսեց եկեղեցու պատմությունը, ծանոթացավ տեղանքին և շտապեց տեսնել ուրարտական Ռուսա 1-ին արքային թողած արձանագրությունը ու նրա կառուցած բերդի ավերակները:
Հունիսի 24-ը երկար սպասված էր. այս օրը պետք է իրականացվեր արշավի հիմնական նպատակը. հայ ասպետներն ու նժդեհիկները շտապում էին փնտրելու Գեղամա լեռներում գտնվող իրենց նախապապի ժայռաքանդակը, որի մասին միայն կարդացել էին ու նպատակադրվել այն անպայման գտնելու: Նախաճաշից հետո խումբը ճանապարհվեց Ագիճի գետի կիրճով դեպի Թթուջուր կոչվող աղբյուրի մոտ, որի դեմ-դիմաց վեր են խոյանում ժայռաքանդակները: Ճանապարհը երկար էր, բայց շատ հետաքրքիր և ծաղիկներով լի: Արշավախումբն համարյա տեղ էր հասել, սակայն սկսվեց ուժեղ ամպրոպ և կայծակ, սպասվում էր անձրև: Հայ ասպետ աղջիներն ու նժդեհիկների 3-րդ դասակը հեռվից նայեցին ժայռին ու հետ վերադարձան, իսկ տղաները ավելի մոտեցան և կարողացան ավելի մոտիկից նայել ճայռաքանդակին:
Հունիսի 25-ը հայ ասպետները պետք է բարձրանային Արմաղան լեռը: Նախաճաշից հետո նրանք ձեռնամուխ եղան գագաթի հաղթահարմանը: Իսկ նժդեհիկների երրորդ և չորրորդ դասակները այդ օրը ձկնորսության մեկնեցին : Արշավի 4-րդ օրը ամենահետաքրքիրն էր. հայ ասպետները երկրորդ անգամ նվաճել էին Արմաղանի գագաթը, իսկ նժդեհիկները ձկնորսությունից վերադարձել էին առանց ձուկ, սակայն գետում լողացած:
Երեկոն անցավ խարույկի շուրջ, որտեղ ամփոփվեց բոլոր 4 օրերի հերթապահ ջոկատների բեմադրությունների արդյունքները, որոնցից լավագույնը ժանաչվեց 3-րդ դասակի ներկայացումը: Մասնակիցները որպես մրցանակ ստացան 7 օրյա` դեպի Սյունիք կատարվելիք արշավի հնարավորություն: Այս մրցանակին արժանացան նաև 4-րդ ջոկատի 4 անդամներ պարերգերը հետաքրքիր և ճիշտ ներկայացնելու համար:
Արշավի վերջին գիշերը հայ ասպետներն որոշեցին չքնել ու ամփոփել արաշավային օրերը:
Հունիսի 26-ին նախաճաշից հետո երեխաները շարժվեցին դեպի Սևանա թերակղզի և վերադարձան տուն:





