Lurer.com-ը գրում է.

ԵՄ-ն եղել և մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Վիլնյսուսի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը հաստատում է, որ անցած ճանապարհն արդյունավետ է եղել:
«Մենք պատրաստ ենք շարունակել քաղաքական բարեփոխումները, որոնք Հայաստանն ավելի ժողովրդավարական կդարձնեն: Ակնհայտ է, որ դրա արդյունքում շահել է Հայաստանի հասարակությունը»,-ընդգծել է Շարմազանովը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական համագործակցությանը, ապա, ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ էլ առաջընթաց կա: Նրա խոսքով՝ բավական ակտիվ է համագործակցությունը Հայաստանի ԱԺ-ի և Եվրախորհրդարանի միջև, ինչպես նաև «Եվրանեսթի» շրջանակներում:

«Հույս ունենք, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի և կլինի արդյունավետ, որովհետև այն բխում է մեր հասարակության շահերից»,-ամփոփել է Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել