Վերջերս հայերի մեջ շատ է շատացել բազմակարծությունը և խորացել է պառակտվածությունը: Կարծես մարդկանց պարզապես մի թեթև թեմա, մի աննշան կայծ է պետք, որ բաժանվեն բանակների ու իրար քարկոծեն: Ու չգիտես ինչու, բոլոր վեճերն էլ վերջում բերում հանգեցնում են հայրենասիրությանը և ազգային արժեքներին: Բազմակարծության և պառակտության հետ մեկտեղ մի տարօրինակ սինդրոմ է նկատվում`քննարկվելիք բուն թեմայից շեղվել և անհասկանալի, շատ դեպքերում էլ նույն փակուղին տանող ուղղությամբ ընթանալ:
Այդ տարօրինակ սինդրոմի թերևս ամենավառ դրսևորումը ինձ համար էլի վերջերս «ծնունդ առած» մեկ այլ երևույթն է` տարբեր լրատվական կայքերում, բլոգներում և սոցիալական ցանցերում նյութերի ու գրառումների տակ ուղղագրական, կետադրական և տառասխալներ «ուղղելը»: Մեկնաբանողների ուղիղ 80%-ը առանց քննարկվող նյութի կոնտեքստը, բուն ասելիքը և կարևորությունը հասկանալու, արծարծվող թեմայից կիլոմետրերով հեռանալով` ձեռքն է վերցնում «կարմիր գրիչը» և սկսում մյուս մեկնաբանողների ու նյութի հեղինակի նույնիսկ ամենաաննշան սխալները ուղղել: Եվ դա սովորաբար անում են ոչ հայերենով գրողները, իրենք էլ ամեն բառի մեջ մի քանի սխալ թույլ տվողները... «Կարմիր գրիչները» չեն խնայում ոչ մեկին և ոչ մի գրառում, նրանք չեն զլանում ամբողջ գրառումը 5 անգամ կարդալ, հաշվել բազմակետերի կետերը 3-ն են, թե՞ պատահմամբ 4-ը, և եթե ձեր բախտը չբերեց, և դուք ոչ թե 4 այլ 5 կետով եք ավարտել ձեր նախադասությունը, նրանք դա ձեզ չեն ների, կհիշեն ձեր դպրոցական ուսուցիչներին, ձեզ ատեստատ տվող դպրոցի տնօրենին, ձեզ ԲՈՒՀ ընդունած հանձնաժողովի անդամներին հատ-հատ...և մի բան էլ չեն մոռանա ձեզ անգրագետ անվանել... «Կարմիր գրիչները» չեն ներում նախադասությունը փոքրատառով սկսելը, շատ ծանր են տանում կետադրական նշանների բացակայությունը, չեն հանդուրժում օտարածին բառերի օգտագործումը: Ամոթ էլ չի, դուք դպրոց չե՞ք գնացել, չգիտեք, որ հայերենում չկա «?» նման հարցական նշան :)))) Կամ էլ ինչո՞ւ եք փակագծերով ժպտում, ինչ ոչ հայրենասիրական, ֆաշիստական դրսևորումներ են: Այսուհետ «Կարմիր գրիչների» զայրույթը չառաջացնելու համար ժպտացեք միայն հայկական ավանդական ՃՃՃՃՃՃ-երով:



