Ամեն տարի Մեծ պահքին նախորդող երեքշաբթի օրը (այս տարի այսօր` փետրարի 25-ին) Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդեանց քահանաների տոնը: Ոգեկոչում են այն հայ հոգեւորականների հիշատակը, ովքեր 451 թ. Վարդանանց Ճակատամարտից հետո Հազկերտ թագավորի հրամանով տարվում են Պարսկաստան եւ բանտարկվում: Պատճառը հատկապես քրիստոնեական հավատն էր:
«Վասն հաւատի եւ վասն հայրենեաց» մղվող Ավարայրի ճակատամարտում այս հոգևորականներին առաջնորդում էր Ղեւոնդ Երեցը: Եւ հենց նրա անունով էլ հոգեւորականներն անցել են հայոց պատմության մեջ` որպես Սրբոց Ղեւոնդեանց քահանաներ: Այդ հոգեւորականներն են՝ Հովսեփ Հողոցմեցի Կաթողիկոսը, Սահակ եւ Թաթիկ եպիսկոպոսները, Ղեւոնդ, Մուշե, Արշեն, Սամուել, Աբրահամ եւ Խորեն քահանաները, ինչպէս նաեւ Քաջաջ եւ Աբրահամ սարկավագները:
Մեր եկեղեցին նրանց դասել է սրբերի շարքը. նրանք մնացին հավատարիմ իրենց հավատին ու հայրենիքին` անգամ անասելի տանջանքներից հետո և «վասն հաւատքի եւ վասն հայրենեաց» ընդունեցին նահատակութեան պսակը:
Այս տոնը նաև բոլոր այն հոգևորականների տոնն է, ովքեր ողջ պատմության ընթացքում հաճախ նաև իրենց կյանքի գնով դարձան ու դառնում են իրենց հայրենիքի ու հավատի պաշտպանը: Վերջինի օրինակներն ունենք նաև մեր ոչ վաղ անցյալում. Արցախյան պատերազմում անձնուրաց մասնակցություն ունեցած բազմաթիվ հոգևորականներ, այսօր Սփյուռքի թեժ պատերազմական կետերում հային հայ պահող հոգևորականներ, ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներ...:
Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի Սրբոց Ղևոնդյանց տոնը ձուլվեց մեծ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա հետ. նա էլ մեկն էր անմահ հերոսներից, ովքեր պայքարեցին «վասն հաւատքի եւ վասն հայրենեաց»:
Հպարտ ենք մեր հերոսներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/768869249790702
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել