1in.am-ը գրում է.
Հայտարարությունները, որ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պաշտոնավարման տարիներին բազմաթիվ մարդկանց է կտտանքների ենթարկել, բացարձակ սուտ են: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ԱԱԾ մի խումբ աշխատակիցների՝ իր մասին տարածած հայտարարություններին, թե ինքը աշխատանքի է գնացել հարբած վիճակում և աշխատավայրում քնել է:
«Սա խայտառակություն է, շուկայական խոսակցություն: Մենք ապրում ենք բռնապետությունում: Նախկինում մարդկանց շառով էին տալիս բոլշևիկները: Հիմա էլ մի խումբ բոլշևիկներ պահպանվել են: Այսօրվա ծառայության պետն այն ժամանակ իմ ենթական էր: Բա դա որտե՞ղ էր նայում, եթե ես մարդկանց կտտանքի էի ենթարկում: Ես սպասում եմ, որ այդ մարդկանցից գոնե մեկի անունը տան: Եվ այս ամենը նրա համար, որ ասել եմ՝ Հայաստանն արձակուրդի վայր է Գորշ գայլերի անդամների համար: ԱԱԾ-ն իր ուղիղ պարտականությունները չի կատարել, չի կանխել հոկտեմբերի 27-ը: Ինչո՞ւ. խելքները չի՞ հասել»,- հարց հնչեցրեց նա:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ երբ ԱԱԾ ներկայիս պետ Գորիկ Հակոբյանը տարիներ առաջ հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը մեկ-երկու ամսում համակարգում ավելի շատ բան հասկացավ, քան իրենք, իրականում ապահովագրում էր իրեն:
«Սա նրա համար է, որ երբ հոկտեմբերի 27-ը բացահայտվեր, ասեր՝ ամեն բան զեկուցել է գերադասին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել»,- ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:
Անդրադառնալով ներքին զարգացումներին՝ Եղիազարյանը նշեց, որ արտագաղթն ամեն օր ավելի ու ավելի սարսափելի պատկեր է ստանում:
«Աշխատատեղեր չեն ստեղծվում, աշխատատեղերը փակվում են: Միգուցե երկիրը ոչնչացնելու և հայաթափելու ծրագի՞ր է իրականացվում: Միգուցե Սերժ Սարգսյանին պետք է խնդրել նոր ընտրություննե՞ր կազմակերպել՝ առանց պրեսկոտների: Աստված չանի, որ Հայաստանում Մայդան լինի:
Ուկրաինան մեծ երկիր է՝ դիմացավ, մենք չենք դիմանա: Պետք է խնդրենք Սերժ Ազատիչին, որ գնա, գրի՝ ոչինչ չստացվեց»,- ասաց նա:
ԱԱԾ պետի նախկին տեղակալը հիշեցրեց, որ Մարտի 1-ից վեց տարի անց իշխանությունները դեպքերը չեն բացահայտում, քանի որ հենց իրենք են Մարտի 1-ի հեղինակը: «Կարծում եք՝ խելքնե՞րը չի հասնում: Ոչ, ուղղակի չեն ուզում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:



