Խավարասերները որպես օգնականներ
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակիցները վերջերս հայտարարել են, որ իրենք հաջողության են հասել մի նախագծում, որը գիտնականներին թույլ է տալիս կառավարել խավարասերների շարժումները: Այս նախագծում օգտագործվում են մադագասկարյան ֆշշացնող խավարասերները: Նախագծի շրջանակներում օգտագործվող խավարասերների մեջքին դրվում է տեխնոլոգիական թիկնապայուսակ, որը լարերով կցվում է մարմնին: Ըստ նախագծի իրականացմամբ զբաղվող անհատների՝ խավարասերների օգտագործումը դժվարհասանելի տեղերից տվյալներ ստանալու համար թույլ է տալիս գումար խնայել. այլևս հարկ չի լինի խավարասերների չափի փոքրիկ ռոբոտային համակարգեր ստեղծել:
Ցեցերն՝ իբրև կիբերնետիկական օրգանիզմներ
Տարիներ առաջ Կորնելի համալսարանի գիտնականները կարողացան այնպիսի համակարգ ստեղծել, որը նրանց թույլ էր տալիս կառավարել ցեցերի որոշ տեսակների շարժումները: Համակարգը շահագործելու համար այս գիտնականների ստեղծած տեխնոլոգիական սարքը դրվում է թրթուրի մեջ: Այն մնում է այդպես դրված, մինչ թրթուրը վերածվում է ցեցի: Հենց որ «կերպարանափոխությունն» ամբողջապես ավարտվում է, ցեցին կառավարող համակարգն ակտիվացվում է, ինչն էլ թույլ է տալիս կառավարել նրա շարժումները:
Ռումբեր հայտնաբերող մեղուներ
Մեղրատու մեղուների նախագիծ իրականացնող Լոս Ալամոսի գիտնականների նպատակը տարբերվում է նախորդ երկու նախագծերում ներգրավված գիտնականների նպատակներից: Այս նախագծի շրջանակներում մեղրատու մեղուներին ստիպում են այնպիսի հոտեր շնչել, որոնք ասոցացվում են պայթուցիկ սարքերի հետ: Հենց որ մեղուներին վարժեցնում են, նրանց տեղափոխում են պայթուցիկ սարքերով լեցուն հատուկ սենյակ և հետևում նրանց գործողություններին՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կկարողանան իրենց բեղիկների շարժումների օգնությամբ գտնել պայթուցիկ սարքը: Նույն գիտնականները կարծում են, որ այս մեղուներին կարելի է վարժեցնել, որպեսզի նրանք այս նույն եղանակով ապօրինի թմրանյութեր հայտնաբերեն:
Հեռակառավարվող բզեզ
Այս նախագիծն իրականացվում է DARPA-ի մշակած ծրագրի շրջանակներում՝ կիբերնետիկական միջատների օգտակարությունը ստուգելու համար: Միչիգանի համալսարանի գիտնականները կարողացել են պոզավոր բզեզին կցել մի սարք, որը թույլ է տալիս որոշակի չափով կառավարել միջատի շարժումներն ու թռչելու կարողությունը: Նախագծի նպատակն է բացահայտել, թե ինչպիսի ռազմական կիրառություն կարող է ունենալ հեռակառավարվող բզեզը:



