Այսպես կոչված «արտահաստիքային» ատամները ատամներ են, որոնք աճում են, ըստ էության, բերանի խոռոչի ցանկացած մասում: Այս հիվանդությունը բժշկության մեջ կոչվում է հիպերդոնտիա:

Այս հիվանդության առաջացման հստակ պատճառները մինչ օրս էլ հայտնի չեն, բայց դրանց վերաբերյալ, այնուամենայնիվ, կան մի քանի հիպոթեզեր: Ըստ որոշ վարկածների, հիվանդությունը ուղղակի հետևանք է այն բանի, որ ատամները աճելիս կիսվում են ու աստիճանաբար առանձնանում, մինչդեռ այլ վարկածով ենթադրվում է, որ սա ատամնային շերտի հիպերակտիվության հետևանք է: Համարվում է նաև, որ այս հիվանդությունը կարող է գենետիկական ծագում ունենալ:

Արտահաստիքային ատամները ավելի հաճախ ի հայտ են գալիս հիմնական ատամների աճի փուլում, քան կաթնատամների: Ավելի տարածված է ընդամենը մեկ արտահաստիքային ատամի առկայությունը, բայց քիչ չեն նաև 1-ից ավել նման հավելյալ ատամների առկայության դեպքերը: Կաթնատամների աճի փուլում արտահաստիքային ատամների հայտնվելու դեպքերը կանանց և տղամարդկանց շրջանում հավասար են, բայց հիմնական ատամների աճի ժամանակ նման դեպքերը տղամարդկանց մոտ մոտ երկու անգամ ավելի հաճախ են լինում:

Հիպերդոնտիայով տառապող մարդիկ բախվում են մի քանի խնդիրների: Արտահաստիքային ատամները նախևառաջ խաթարում են ատամնաշարի կառուցվածքը և ատամանաշարն ուղղելու  միակ տարբերակը ավելորդ ատամների հեռացումն է: Այս ատամները վնասում են նաև իրենց կողքի նորմալ ատամներին՝ խանգարելով դրանց նորմալ աճին, այնպես որ, առողջ ատամնաշար ունենալու համար անհրաժեշտ է հեռացնել այդ ավելորդ ատամները: Բացի նշվածներից, ավելորդ ատամները կարող են պատճառ հանդիսանալ թարախային կիստաների գոյացման համար:

Չնայած վերոնշյալ ռիսկերին` ավելորդ ատամները միշտ չէ, որ անհրաժեշտ է հեռացնել հայտնվելուն պես: Երբեմն ավելորդ ատամները աճում են ու աճելիս ոչ մի խնդիր չեն հարուցում, ոչ էլ հետո, և եթե գործ ունենք նման դեպքի հետ, ապա ամենևին էլ պարտադիր չէ հեռացնել այդ ատամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել