Հարսնաքարի դեպքը պարզապես ցույց տվեց, որ մենք բոլորս ապրում ենք, որովհետեւ մեր բախտը բերել է: Վահե Ավետյանի փոխարեն կարող էի լինել նաեւ ես, կարող էիք լինել դուք, կարող էր լինել ցանկացած մեկը: Հարսնաքարի դեպքը կարող էր լինել օպերայի բակում, Շամշադինի գյուղերից մեկում, երթուղային տաքսում: Հեղինակը կարող էր լինել օլիգարխի թիկնապահը, համակարգչային ծրագրավորողը, բժիշկը, ով ասես: Պարզապես այս անգամ Վահե Ավետյանի բախտը չբերեց:
Նույն բանը տեղի ունեցավ, մոտ մեկ ամիս առաջ, երբ երթուղայինի մի վարորդը սպանեց մյուսին՝ նույն կերպ, հարվածելով գլխին: Երթուղային վարորդը օլիգարխի թիկնապահ չէր, մյուս վարորդն էլ բժիշկ չէր: Բայց երթուղային վարորդն էլ ընտանիք ուներ, մայր ուներ, սպասում էին, որ գործից հետո տուն է գնալու: Սցենարը նույնն է, պարզապես գործող հերոսներն են տարբեր: Այստեղ էլ մեկ ուրիշի բախտը չբերեց:
Հարսնաքարի միջադեպը ավելի նման էր 2008 թվականի օդնոկլասսնիկի սրճարանի դեպքին, երբ մեկ այլ օլիգարխի՝ Լեւոն Սարգսյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Անդրանիկ Բաբայանին: Նա եւս ընտանիք ուներ, երեխաներ: Սցենարը նույնն էր գործող անձինք էին տարբեր: Այստեղ էլ Անդրանիկ Բաբայանի բախտը չբերեց:
Հարսնաքարի ու օդնոկլասսնիկի սրճարանի դեպքերը բացառիկ են նրանով, որ երկու դեպքում էլ օլիգարխների շրջանակներն են սպանել, երթուղայինի վարորդների դեպքում բացառիկ է կոնֆլիկտի պատճառը՝ 100 դրամը: 3 դեպքում էլ կողմերը միմյանց նկատմամբ անհանդուրժող են եղել, 3 դեպքում էլ խմբով հարձակվել են մեկի վրա, կամ գոնե այլ մարդիկ են ներկա եղել, որոնք կարող էին կանխել, բայց չեն կանխել: Երեք դեպքում էլ հիմնական ու առանցքային պատճառը մեկն է՝ ընդունված կոդեքսները:
Հայտնի է, որ խորհրդային միությունը ղեկավարվում էր երկու շերտով՝ վերին եւ ներքին: Վերին շերտը օրինական իշխանությունն էր ԽՄԿԿ գլխավոր քարտուղարով: Ներքին շերտը քրեական աշխարհն էր, իր հեղինակություններով ու կոդեքսներով: Խորհրդային միության փլուզումից հետո վերցավ վերին շերտը, իսկ ներքինը՝ քրեականը, մուտացվեց ու կալանավայրից իջավ փողոց: Հիմա քրեական մուտացված կոդեքսների ուրվականն է թափառում փողոցներում ու խժռում բոլորին՝ բժշկից մինչեւ երթուղայինի վարորդ:
Երբեմն մարդը կարող է հանդուրժել, ներել, բայց կոդեքսը չի կարող: Օդնոկլասնիկիի դեպքում Մարինե Մադաթյանը իր ընկերներին ասել էր, որ Արթուր Սահակյանը փորձել է իրեն բռնաբարել: Կոդեքսը պարտադրում է, ոչ թե դիմել ոստիկանություն, այլ սեփական բռունցքներով պաշտպանել նրա պատիվը: Երթուղայինի վարորդը խանգարել է մյուսին, կոդեքսը պարտադրում է, ոչ թե գնալ ու տնօրենին ասել, որ այս վարորդը խախտում է պայմանավորվածությունը, այլ իջնել ու բռուցքով լուծել խնդիրը:
Շարունակությունն՝ այստեղ