Երբ ամեն բան ընթանում է համաձայն
պլանի, խուճապն ավելորդ է:
Անգամ եթե այդ պլանը հրեշավոր է…
Մեր այս Հայաստանը, ուրիշների նմանությամբ, ունենալով պետություն կոչվելու բոլոր անկապտելի արտաքին ատրիբուտները, աչքի է ընկնում երկրի կառավարման իր ուրույն, շատերի համար անըմբռնելի ու անհասկանալի տրամաբանությամբ, որի ՄԻԱԿ նպատակը պետություն կոչվելու համար արտաքին, ՄԻԱՅՆ երևացող ձևական անհրաժեշտությունների՝ տարածքի, բնակչության նվազագույն թվաքանակի, դրոշի, հիմնի և իհարկե պետական կառույցների ու նման բաների պահպանումն է:
Երկրի կառավարման այսպիսի փիլիսոփայությունը բացառում է ազգային ինչ-ինչ ինքնահատուկ արժեքավորությունների և նպատակայնությունների, ՀԱՅՐԵՆԻՔ հասկացության հետ կապված վեհ գաղափարների գոյությունն իսկ: Համաձայն կառավարման այս պրագմատիկ-պարզունակ փիլիսոփայության՝ ի՞նչ իմաստ ունի ռիսկի դիմել, ջանքեր գործադրել ու արդյունաբերություն զարգացնել կամ գլուխ ցավեցնել ու երկրի գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնել, եթե միշտ կան երկրներ, օրինակ Ռուսաստանը, որոնք բոլոր տեսակի վտանգներն ու ռիսկերը՝ քաղաքական, տնտեսական, ֆինանսական, եղանակային և այլն, իրենց վրա են վերցրել ու աշխատատեղեր ստեղծել և դեռ նույն աշխատանքի դիմաց էլ հինգ անգամ ավելի են վարձատրում… Եթե կարողանում ես երկրումդ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդկանց մի հոծ զանգված ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու համար ստիպված լինի հարազատներին թողնելով այստեղ, աշխատանք գտնի դրսում և ստացվածքի մեծ մասն ուղարկի ընտանիքին, ապա խնդիրը լուծված կարելի է համարել:
Այս առումով, սեփական արդյունաբերությունը վերագործարկելն ու զարգացնելը, հարյուր-հազարավոր հեկտար անապատացող վարելահողերը մշակելն ու հնարավորինս ինքնաբավ տնտեսություն ստեղծելով, գոնե մարդկանց հացի խնդիրը լուծելը, երկրի ընդերքի հարստությունները ինքնուրույն և ամենակարևորը խնայողաբար շահագործելը, բնությունն ու կենսոլորտը աղտոտումից պահպանելը, ժողովրդի հուսալքումը կանխելն ու բարքերի անկումը կասեցնել, ազգային մշակույթը պղծություններից զերծ պահելն ու այն որպես երկիր կառուցելու անկյունաքար հռչակելը, երկրի գլխավոր հարստության՝ ազգաբնակչության արտագաղթը կանխելն ու նրա թվաքանակն երկրում ավելացնելը, բոլորիս համար այստեղ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, մեր ինքնությանը համապատասխանող կենսագործունեության նվազագույն պայմաններ ստեղծելը և նման այլ «անհեթեթությունները» կառավարման որդեգրված կոնցեպտի առաջնայնությունների շարքից դուրս են, ավելին՝ վնասակար են…
Համաձայն այս պլանի, եթե ճիշտ ես կառավարում միգրացիոն հոսքերը, հսկողության տակ ես պահում ներսում մնացած «պատանդների» և դրսում աշխատողների քանակական հարաբերակցությունները, կարողանում ես կողմնորոշել ու հեշտությամբ կորզել «պատանդներին հասած» ֆինանսական տրանսֆերները, պետք եղած ժամանակ շատ թե քիչ հարմար գներով կարողանում ես հաճախորդներին վաճառել երկրիցդ մնացած պատառիկները և եթե աշխարհի հզորներն էլ շահագռգրված են քո միջոցով թուրքի, վրացու, ռուսի, պարսիկի քաղաքականության վրա ազդելու մի հավելյալ լծակ ունենալով և դրա համար էլ այլևայլ պատրվակներով քեզ «հեշտ մարսվող» փողեր են տալիս, ապա ի՞նչ է եղել, որ ԱՅՍ տրամաբանության սահմաններում այսպիսի պետությունը կարող է երկար գոյատևել և անգամ զարգանալ ու բարգավաճել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/477490115709763?notif_t=close_friend_activity՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել