Երբ թվում էր, որ այլևս հույս չկա, երբ ևս մի քանի տարի և ամեն բան պիտի կորսվի, Աստված նրան ուղարկեց մեզ համար` հույսի ու փրկության ճանապարհը վերագտնելու: 
Յոթանասուն տարիներ ավել քահանա չունեինք: Մեր քաղաքի փոքրիկ եկեղեցին կարոտ էր ժամերգության ու պատարագի ձայնին: 
Եվ ահա եկավ օրը, երբ պիտի հանդիպեինք մեր քահանային առաջին անգամ: Բոլորս էլ սրտի թրթիռով էին սպասում, քանզի մեզ համար շատ կարևոր պահ էր: 
Հանդիպեցինք... երիտասարդ, ավյունով լի, խելացի այդ մարդուն, ով պիտի փոխեր համայնքի կյանքն ամբողջովին...
Դեռ շաբաթներ չանցած` եկեղեցին լի էր հավատացյալներով, բոլորը գալիս էին լսելու նրա քարոզները, որոնք նա ջանասիրաբար թարգմանում էր հավատացյալներին հասկանալի լեզվով, քանզի նրանց մեծ մասը հայերեն չգիտեն, և ոմանք էլ հայ չեն: 
Ծաղկում է մեր համայնքն ամեն օր... մթնոլորտը բուրում է հայերեն, մարդիկ խոսում են հայերեն և, որ ամենակարևորն է, բոլորիս հոգիները լի են հավատքով, առ Աստված մեր սերն էլ ավելի է զորացել, ամրացել, կայունացել, քանզի մեր Տեր Հայրը ոչինչ չի խնայում, դրան հասնելու համար...
Տերը ողորմած գտնվեց Ռումինիայի հայոց թեմի Պիտեշտ քաղաքի հայ համայնքի նկատմամբ... Թերևս անկարելի է այդ վերածնունդը բառերով նկարագրել...

Տերը գթաց...
Սեր պագևեց, հավատք ու հույս...
Տերը գթաց...
Ուժ ուղարկեց, անսահման լույս...
Տերը գթաց...
Կյանք ուղարկեց, վերածնունդ մեզ պարգևեց: 
Ձայնը հնչեց Պատարագի,
Ժամերգության ու աղոթքի...
Սուրբ Խորանին ծնկի իջած` 
Աղոթք հնչեց առ Աստված,
Որ զորանա մեր հավատքը,
Միավորվի հայ զավակը, 
Եկեղեցու գիրկը դառնա, 
Ու պապերի Սուրբ հավատքը չմոռանա...
Տերը գթաց...
Ու տվեց մեզ մեծ ուսուցիչ ու աշակերտ,
Ջերմ բարեկամ, ու լավ ընկեր,
Սիրող մի սիրտ, որ ապրում է ամենքիս հետ, 
Տխրում, լալիս, ժպտում անկեղծ...
Եվ...աղոթում զօր ու գիշեր...


Տերը գթած մեր համայնքին և Տեր Հեթում քահանա Թարվերդյան ուղարկեց մեզ հովվելու...

Արաքսի Նեգոսանու
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել