«Այս երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպես ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք»,- կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի արգումենտը ոչ միայն համոզիչ չէ, այլև բայցահայտ կերպով մատնանշում է կառավարության որդեգրած այն մերժելի քաղաքականությունը, որ նա ի վիճակի չէ առաջիկա տարիների ընթացքում լուծել երկրին սպառնացող դեմոգրաֆիական հիմնախնդիրները: Եթե նման հայտարարություն աներ սովորական մի չինովնիկ՝ կարելի էր ինչ-որ տեղ մեղմ մոտենալ, բայց եթե երկրի տնտեսության թիվ մեկ պատասխանատուն է հայտարարում, որ երկիրը գնում է ծերացման, իսկ երկարաժամկետ առումով ոչինչ չի առաջարկում այդ աղետից խուսափելու համար՝ սա արդեն համազգային ողբերգություն է: Երկիրը ծերանում է, եթե ծնելիությանը ցուցանիշը շարունակվում է լինել ցածր, իսկ միգրացիոն հոսքը՝ բարձր: Բաղադրիչներն էլ ուղղակիորեն պայմանավորված են երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ: Գործող կառավարությունը չի կարող լուծել ժողովրդագրական այս մարտահրավերները, քանի որ վաղվա Հայաստանն արդեն իսկ տեսնում է որպես ծերացող երկիր:



