Ուկրաինայում տեղի ունեցողը հստակ կարելի է անվանել 21-րդ դարի լավագույն քաղաքացիական շարժման դասական օրինակ: Երկրում ձևավորվել է գիտակից քաղաքացիական հասարակություն, ով ինքն է ուզում տեր կանգնել իր իրավունքներին և երկրին: Սակայն, ըստ իս, այս ամենի մեջ կա մեկ շատ լուրջ հակասություն. եթե Ուկրաինան քաղաքացիական այս պայքարը սկսեր առաջին հերթին իր երկրի ինքնիշխանության համար և ոչ թե Եվրամիությանը անդամակցելոև, դա ինձ ավելի հասկանալի կլիներ: Ի՞նչ է նշանակում ԽՍՀՄ կազմում երկար ճանապարհ անցած երկրների համար վանողական և անհանդուրժողականության քաղաքականություն դրսևորել Ռուսաստանի նկատմամբ: Ի՞նչպես կարելի է անտեսել տարածաշրջանի աշխարհաքաղաքական գլոբալ ազդեցության դերը հանձին Ռուսաստանի գործոնի: Մենք Վրաստանի օրինակով արդեն ականատեսը եղանք այն բանի, որ այդ քաղաքականությունը սխալ քաղաքականություն է, և եթե որևէ երկիր որդեգրում է ավելի արևմտամետ քաղաքականություն, ապա ոչ մի կերպ, իր իսկ քաղաքական շահերից ելնելով, իրավունք չունի անտեսելու Ռուսաստանի գործոնը: Այժմ ուկրաինական մայդանին միջամտում են նաև ռուսական ուժերը և այս ամենը օրեցօր դառնում է էլ ավելի վտանգավոր Ուկրաինայի համար: Նախնական զենքի կիրառման դեպքերից արդեն պարզ է դառնում, որ Յանուկովիչը գնում է ժողովրդի դեմ և այս ամենի հետևում իհարկե կանգնած է Ռուսաստանը: Կհաջողվի արդյո՞ք ուկրաինական ընդդիմությանը լիարժեք աջակցություն ստանալ Եվրամիության կողմից, դա դեռ հարց է և որքանով կկարողանա Եվրամիությունը միջամտել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Եթե համեմատական ակնարկ տանենք Ուկրաինայի և Հայաստանի միջև, ապա պիտի փաստենք, որ մեր երկրում վիճակը շատ ավելի անմխիթար է: Վերջին 2 տարում երկրում սկսում է ձևավորվել քաղաքացիական հասարակություն, բայց դա ողջ ազգաբնակչության շատ չնչին տոկոսն է կազմում, ազգաբնակչության մեծ մասը մինչև հիմա դեռ չի գիտակցում քաղաքացու դերը պետության մեջ և թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքացիական հասարակությունը: Եվ այն մարդիկ, ովքեր ուկրաինայի դեպքերով ոգևորված, հրահրում են մեր երկրում նույնպես գնալ այդպիսի քայլերի, ապա շատ կարճ են մտածում և լիարժեք չեն գիտակցում թե ինչպիսի քաղաքացիական գիտակցական սանդղակի վրա է այսօր գտնվում սոցիալապես ճնշված և հուսահատված ՀՀ քաղաքացին: Հարկավոր է դասեր քաղել հարևան երկրում տեղի ունեցող դեպքերից և հասկանալ, որ մեր հոգեբանությունը և ուկրաինացու հոգեբանությունը արմատապես տարբերվում են իրարից և մենք դեռ քաղաքացիական հասարակության կայացման խնդիր ունենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/236390363211241?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել