Tert.am-ը գրում է.
Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ով ըստ «Ժողովուրդ» օրաթերթի միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը, զանգահարել է 2-րդ Նախագահի ոչ պաշտոնական կայք և պահանջել է հեռացնել այդ մասին տեղեկատվությունը, ինչը և արվել է:
«Ես զանգահարեցի կայք … ովքեր, որ կազմակերպել էին 2-րդ Նախագահի հետ կապված, ես դիմեցի կայքը և Ֆեյսբուքը սպասարկողներին ու պահանջեցի հեռացնել, և իրենք հեռացրել են ու ներողություն են խնդրել»,- Tert.am–ին ասաց Ալիկ Ղարիբյանը, ով իր քաղաքական գործունեության մասին նյութերում տեսնում է ինչ-որ քաղաքական պատվերներ, որոնք, սակայն, պայմանավորում է ԵՊՀ-ում սոցիալական արդարություն հաստատելու համար իր պայքարի պտուղներին:
«Ես իմ գործունեությամբ միայն համալսարանին օգուտ եմ տալիս, վկա՝ նոր բացված ճաշարանները: Բոլորդ կարող եք հարցնել և կասեն՝ ով պայքարեց, որպեսզի այդ աշխատանքները կարողանայինք հաջողության հասցնել: Էսքանը կարող եմ ասել»,- հայտարարեց Ալիկ Ղարիբյանը, ով ի պատասխան հարցի, թե ո՞վ կարող էր իր անունից միանալ նախաձեռնությանը, նախ ասաց, որ ինքն «ինտեգրված չէ սոցիալական ցանցերին», ապա նորից կրկնեց, թե մարդիկ «պատվերներով» դա կազմակերպել են ու «տվել թերթերին»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր տեղեկացրել էր, որ ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»։ Եվ դա արել են նախևառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ»։
Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով ինչո՞ւ են իր՝ ապաքաղաքական մարդու դեմ (ինչի մասին պնդել էր «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում) պատվերներ իջեցվում, ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը ասաց.«Իմ գործունեությունը Երևանի պետական համալսարանում միայն ուղղված է ուսանողների շահերի պաշտպանությանը. էսօր մեր ուսանողը 500 դրամով հաց է ուտում. 1-ին, երկրորդ՝ բավարար չափով՝ 500 դրամի շրջանակներում սնվում է: Իմ դասախոսը գոհ է, իմ ուսանողը՝ գոհ: Իսկ մինչ այդ, մի 5-6 ամիս առաջ բոլորը կպատմեն, թե ինչ իրավիճակ էր»:
Ալիկ Ղարիբյանը ի հավելում նկատեց.«Բա չե՞ք մտածում, որ մինչև այդ աշխատող ընկերությունները, մարդիկ, ովքեր աշխատում էին, կարող է նեղված լինեն այդպիսի իրավիճակից»։
Նշենք, որ մոտ երկու տարի առաջ Tert.am-ի խմբագրության էլեկտրոնային հասցեով մինամակ էր եկել, որում տեղեկացվում է, որ Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, իր պաշտոնին նշանակվելուց հետո, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Երևանի Դավթաշեն թաղամասում և շքեղ ավտոմեքենա գնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



