Lurer.com-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ, ինչի մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ամերիկացի դիվանագետը հայտնել է. «Տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված թուրքական կառավարության կարծիքն իմանալն օգտակար էր: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»:
Օրեր առաջ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման լիարժեք ձևաչափի վերականգնման ցանկություն էր հայտնել: «Հույն և թուրք կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման բանակցությունների: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,-նշել էր Ուորլիքը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն էլ Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր թողել. «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»:



