Lragir.am-ը գրում է.
USA Today լրատվական կայքը տեղեկություն է տարածել, որ երեկ Սոչիի Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մրցումից անմիջապես առաջ փոխվել է մրցավարների կազմը: Ամերիկացի և հարավկորեացի մրցավարների փոխարեն նշանակվել են ռուս Ալլա Շեխովցևան և ուկրաինացի Յուրի Բալկովը: Շեխովցևան Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահի կինն է, իսկ Բալկովն արդեն մեկ անգամ որակազրկվել է 1998 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ արդյունքը կեղծելու փորձի համար:
Տեղեկացնենք, որ կանանց մենասահքում հաղթող է ճանաչվել ռուս Ադելինա Սոտնիկովան՝ առաջ անցնելով հարավկորեացի Կիմ Յու Նայից:
Երեկվա մրցավարությունը զգալի դժգոհություններ է առաջացրել, գրում է Մոսկովսկի կոմսոմոլեցը:
Մենասահքում 7-րդ տեղը զբաղեցրած Էշլի Վագները նշել է. «Ես պարզապես խոսքեր չունեմ: Մեր մարզաձևը պետք է պատասխանատվության կանչվի այն բանի համար, ինչ անում են մրցավարները, եթե, իհարկե, միջազգային ֆեդերացիան ցանկանում է, որ մարդիկ հավատան գեղասահքի ազնվությանը»:
Կանադացի Կուրտ Բրաունինգը ևս դժգոհ է արդյունքներից: «Ռուս մարզուհին հանկարծ մեկ գիշերվա ընթացքում լավագու՞յնն է դարձել: Չգիտեմ, թե ինչ է եղել: Դեռ փորձում եմ իմաստավորել»,- ասել է նա:
Գերմանացի լեգենդար գեղասահորդ Կատարինա Վիտը քննադատել է մրցավարներին: Նրա խոսքով, Սոտնիկովան չպետք է հաղթեր: Նա չի հասկանում, թե ինչու է Սոտնիկովան առաջինը, իսկ Կիմը՝ երկրորդը:



