Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի կնոջ` Ռաքել Դինքի, եղբայր Օրհան Դինքի և զավակների` Դելալ, Արաթ և Սերա Դինքերի ներկայացրած համատեղ դիմումը: Այս մասին հայտնում է «Ռադիկալ» պարբերականը:
Սահմանադրական դատարանի խորհուրդը իրականացրած խորհրդակցությունից հետո որոշում է կայացրել պահանջել անհրաժեշտ, բայց պակասող փաստաթղթերն ու տեղեկությունները: Սահմանադրական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի միայն այդ փաստաթղթերն ստանալուց հետո:
Դինքի ընտանիքը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան` նշելով, որ պատշաճ հետաքննություն չի արվել, իսկ տարվող գործի վերաբերյալ ընտանիքին համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Դիմումով բողոք էր ներկայացվել այն բանի համար, որ մի շարք աշխատակիցների հետ կապված հետաքննությունը ավարտին չի հասցվել: Բացի այդ, ընտանիքը պահանջել է վճարել 500 հազար թուրքական լիրա բարոյական փոխհատուցում:
Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին` «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով:



