Նեկայացնում ենք թերթի խմբագրականը հատվածաբար.
«Արդյոք Վիկտոր Յանուկովիչը, նրա որդին որն, ասում են, բոլոր լուրջ բիզնեսներում «փայ» է մտնում, նրա դոնեցկյան «ախպերությունը» «Ուկրաինայի կեսի» պատվիրակնե՞րն են: Եվ արդյոք Կլիչկոն, Յացենյուկը, Տյագնիբոկը, ինչպես նաև ընդդիմադիր օլիգարխ և Մայդանի գլխավոր հովանավոր Պյոտր Պորոշենկոն ներկայացնո՞ւմ են «Ուկրաինայի մյուս կեսի» շահերը։ Իհարկե՝ ոչ։ Իսկ քանի որ չեն ներկայացնում, ինչ էլ որ պայմանավորվեն իրար հետ քաղաքական գործիչների այդ երկու խմբերը, ուկրաինացիների համար այդ պայմանավորվածությունները որևէ նշանակություն չեն ունենա։
Հենց սա էլ նշանակում է քաղաքական համակարգի բացակայություն։ Իսկ այս պայմաններում սուր ճգնաժամի դեպքում ամբոխին և նրա ոչ քաղաքական լիդերներին այլևս հնարավոր չէ կանգնեցնել։ Եվ այստեղ սկսվում են անարխիան և «պոգրոմները», իսկ դիմակայությունը ձեռք է բերում քաղաքացիական պատերազմի հստակ ուրվագծեր։
Ճգնաժամը քաղաքական մեթոդներով չլուծելու խնդիրը, ինձ թվում է, առաջնային է, հիմնական, իսկ Ռուսաստանի կամ Արևմուտքի շահագրգռվածությունները ածանցյալ։ Ի դեպ, Հայաստանում էլ է ճիշտ այդպես, խնդիրը մեր մեջ է, ոչ թե Պուտինի կամ Օբամայի։
Որևէ մեկը քաղաքական՝ գործիչներից՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, բնականաբար, չէր ցանկանա, որ իրավիճակը զարգանա այդ ուղղությամբ։ Բայց նրանք այլևս չեն վերահսկում իրավիճակը, քաղաքական մեխանիզմներն այլևս չեն գործում։
Հավանաբար, իրավիճակի որոշակի լիցքաթափմանը կարող է նպաստել Յանուկովիչի հրաժարականը։ Բայց դա ակնհայտորեն բավարար չէ։ Ով էլ լինի Ուկրաինայի ղեկավարը, ստիպված կլինի երկրում տարրական կարգուկանոն հաստատել։ Այս իրավիճակում հնարավո՞ր է դա անել առանց արյուն թափելու»,–գրում է թերթի խմբագիրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։