1in.am-ը գրում է.

Վերջապես հաջողվել է Երևանն ընդգրկել «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցում: Առայսօր այդ ցանցում ընդգրկված էր միայն Հրազդանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Անկախության տարիներին ծավալված Երևանի քաղաքաշինությունը խիստ բարձրացրել է սեյսմիկ ռիսկերը, էկոլոգիական բազմաթիվ վնասներ պատճառել: Մեր կողմից մշակվել է Երևանի կենտրոնի հայեցակարգ: Բայց թե որքանով պատկան մարմինները կարող են ներազդել խելամիտ քաղաքաշինության վրա՝ հարց է: Օրինակ՝ ամբողջ աշխարհում բարեկարգում են բակային տարածքները, իսկ մենք հակառակն ենք անում՝ բակերում կառուցելով նորանոր բարձրահարկեր: Մարդկանց բողոքը, բնականաբար, տեղին է, քանի որ այդ կառուցապատումները նրանց կյանքը դժոխքի են վերածում»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Նա հույս հայտնեց, որ Երևանը մի օր կընթանա այն քաղաքակիրթ ուղով, որով շարժվում են աշխարհի մյուս քաղաքները՝ հավելելով, որ 1984-2011թթ. Երևանի կանաչ տարածքները նվազել են շուրջ 60 տոկոսով:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն իր հերթին նշեց, որ իրենց կողմից կազմվել է Երևանի կլիմայական պայմաններին առավել հարմար բուսատեսակների ցուցակ: 

«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ներկայումս առկա են ավելի քան 250 տեսակի բուսատեսակներ: Սակայն ամենատարածված թեղին՝ իր բոլոր տեսակներով, օրինակ, այլևս բարոյապես պիտանի չէ աճելու: Մյուս տեսակը երկնածառ բարձրաբույնն է, որ շատ լավ գոյատևում է, սակայն ևս անպիտան է»,- ասաց նա՝ հավելելով, որ Երևանի համար խիստ արդիական է ուղղահայաց կանաչապատումը, այն է՝ շենքերի տանիքներին, ոչ հողային պայմաններում, բուսատեսակների աճեցումը:

Քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանը տեղեկացրեց, որ «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցում ներառված են ավելի քան 1000 անդամ քաղաքներ: «Երևանը ցանցին միանալու է եվրոպական տարածաշրջանի մյուս 175 քաղաքների շարքում: Ցանցը օգնելու է քաղաքին մշակել էկոլոգիական ռազմավարություն, կապեր ստեղծել տարբեր հիմնադրամների հետ»: 

Ամփոփելով՝ Դիանա Գրիգորյանը նշեց, որ Երևանում մեկ շնչին ներկայումս բաժին է ընկնում մոտ 8 քառ.մ կանաչ տարածք՝ այն դեպքում, երբ 2005 թվականին այդ թիվը 5.2 քառ.մ էր: «Վերջին երեք տարիներին Երևանի կանաչապատ տարածքները 830 հա-ից հասել են 850 հա-ի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել