Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կիևի անկախության հրապարակում ցուցարարները հրազեն են կիրառել «Բերկուտի» աշխատակիցների դեմ` վիրավորելով 20 ոստիկանի: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Մայդանում բախումներ են սկսվել «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների և ցուցարարների միջև: Վերջիններս ծխամշուշ են առաջացնում՝ հրկիզելով ավտոմոբիլային անվադողերը, հրապարակի վրա թանձր սև ծուխ է բարձրանում: Նրանք «Մոլոտովի կոկտեյլներ» ու քարասալիկներ են նետում կարգի պահապանների վրա:
Ի պատասխան իրավապահները կիրառում են լուսային ու աղմկահան նռնակներ և էլաստիկ գնդակներով հանդերձված փամփուշտներ:
«Անկախության հրապարակում գտնվող կոնսերվատորիայի պատուհաններից հրազենից կրակում են ոստիկանության աշխատակիցների վրա»,- հաղորդում է Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ որոշ տվյալների՝ կրակում են կարտեչով:
Մայդանի հարթակից նաև հայտնել են, որ ցուցարարները պատրաստ են գրոհին, քանի որ նրանք բոլոր միջոցներն ունեն ակտիվ պաշտպանություն իրականացնելու համար:



