«Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Ամուսնության պալատի տարածքային բաժինն արդեն չորս ամիս է, առանց ղեկավարի է աշխատում։
«Հժ»-ի տեղեկություններով, Ամուսնության պալատի ղեկավար Լաուռա Նավասարդյանին, ով, ի դեպ, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, Աժ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանի կինն է, ակնարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։ Նավասարդյանը, սակայն, տևական ժամանակ է, պարբերաբար անաշխատունակության թերթիկ է ներկայացնում և դիմում չի գրում։
Երեկ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ տիկին Նավասարդյանն անաշխատունակության թերթիկ է ներկայացրել և նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված։
Ըստ մեր աղբյուրների, այդ պաշտոնին հավակնում է երկրի առանցքային դեմքերից մեկի կինը, ում անունը, սակայն, առայժմ միայն շատ նեղ շրջանակի է հայտնի։
Մեր զրույցում Վրեժ Գասպարյանը ասաց ընդամենը, որ իր կինը ցանկանում է դուրս գալ աշխատանքից և անցնել ավելի թեթև աշխատանքի, որն իրենց տանն ավելի մոտ կլինի։
Հիշեցնենք, Ամուսնության պալատը նախկինում գտնվում էր Երիտասարդական պալատում։ Սույն շենքը քանդելուց հետո այն ժամանակավորապես տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։