1in.am-ը գրում է.

Գազի դիմաց գոյացած պարտքի պատճառով արդեն երկու շաբաթ է՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքները: Շուրջ հիսուն աշխատակից մնացել է անգործ: Գործարանը չի կարող գործել, քանի որ գազամատակարարումն անջատված է: Իրանահայ գործարար, ընկերության սեփականատեր Սերժիկ Մոսեսյանն ունի փաստեր, որ այս տարիներին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն գազի հաշվարկը կեղծել է և 11-12 տոկոսով ավել գումար գանձել: 2003-ից գործող ընկերությունն այսօր փակման վտանգի առաջ է կանգնած, քանի որ ստացած 1.906.608 դրամ պարտքի ծանուցագիրը, գործարարի պնդմամբ, ծախսված գազի իրական ծավալին չի համապատասխանում: 

Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Գագիկ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մասիս քաղաքի գազի տեղամասի պետն իր կատարած չարաշահումների համար ազատվել է աշխատանքից: Նա հիշեցրեց, որ ասուլիսում իրենց ցույց էին տվել գրություն, որտեղ չկար հաշիվ-ֆակտուրա, գրությունը չուներ ամսաթիվ, թե, օրինակ, որ ամիսներին է կուտակվել պարտքը: Նա նշեց, որ հիմա «Հայռուսգազարդի» տնօրենը պատրաստ է ընդունել Սերժիկ Մոսեսյանին միայն այն բանից հետո, որ դեկտեմբերին ծախսածը մուծի, ինչպես նաև «Հայռուսգազարդը» պատրաստ է քննել այն հարցերը, որոնք առաջացել են ընկերության մոտ նախորդ տարիներին:

««Հայռուսգազարդը» բարի կամք է դրսևորել և պատրաստ է ընդունել: Սերժիկ Մոսեսյանը որոշել է դեռ դատի չտալ «Հայռուսգազարդին», դեկտմբերի հարցը լուծելուց հետո կվերանայվեն մյուս հարցերը, և եթե այդ հարցերը չլուծվեն, Սերժիկ Մոսեսյանը դատի կտա, որովհետև խոսքը շատ մեծ գումարների մասին է»,- ասաց Գագիկ Սարգսյանը: 

Սերժիկ Մոսեսյանը «Հայռուսգազարդի» տնօրինության հետ հանդիպման պատրաստ է գնալ, միայն թե մի քանի անգամ արդեն գնացել է, բայց դա որևէ արդյունք չի տվել: «Հայռուսգազարդից», ընկերության տնօրենի խոսքերով, շատ ստանալու բան կա. «Իրենք արդեն ընդունում են, որ սխալ են հաշվել, ես պետք է ստանամ 160 հազար կուբամետր գազ, այսքան ավել են վերցրել ինձնից, ինչի փաստերը ունենք»,- ասաց նա:

Թեև երբեք էլ գործարանը շահույթով չի աշխատել, սակայն տնօրենի խոսքով` միշտ հույս են ունեցել, որ մեր երկիրը եթե ոչ այսօր, ապա վաղը «կլավանա»: «Մեր ընտանիքներով հետ եկել ենք այստեղ, ներդրում արել, հույս ունեինք, որ ամեն ինչ տեղը կընկնի: Ես հիմա էլ հույսս չեմ ուզում կտրել, որ պետությունը կամ պետական այրերը կարձագանքեն: Իմ հավատը դեռ վերջնականապես չի կորել: Խնդիրն այն է, որ մենք մեր իրավունքի տերը պետք է լինենք: Միլիոնների վնաս եմ կրել, բայց դա չէ խնդիրը, այլ այն, որ մեր իրավունքի տերը կարողանանք լինել: Մենք տասը տարի է՝ վնասով ենք աշխատել, խաբվել ենք, բայց ակնկալիք ենք ունեցել, որ երկիրը պետք է փոխվի»,- ասաց գործարարը:

Սերժիկ Մոսեսյանը նաև նշեց, որ ընկերությունը ոչ մի պարտք չունի կուտակած, միայն դեկտեմբեր ամսվա գումարն է, որը տնօրենը հրաժարվում է մուծել՝ մինչև չտան իր պարտքերը: «2003-ից առ այսօր եկամուտ չենք ստացել, մենք ուրիշ խառնվածքով ենք եկել, խաբվում ենք: Ինձնից լավ գիտեք՝ ինչեր են կատարվում, մենք ասում էինք՝ նոր երկրի է, կամաց-կամաց կփոխվի, համբերենք, ի վերջո այսքան արյուն ենք տվել մեր երկրի համար: Պարզ է, որ դժվարություններ կլինեն, որ պետք է դիմանալ, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի»,- վրդովված ասաց գործարարը՝ հավելելով, որ դատական գործընթաց չի սկսի, քանի որ մեկ տարի հետո էլ դատարանը կասի՝ ես ճիշտ եմ, դուք՝ սխալ:

Սերժիկ Մոսեսյանը նկատեց, որ երկու շաբաթ է՝ իր աշխատողներն աշխատանք չունեն, նրանց մոտ անորոշություն է: «Եթե հարցը չլուծվի, գործարանը կա՛մ կվաճառեմ, կա՛մ կթողնեմ-կգնամ: Երբ օրենքով պաշտպանված չեմ, իրավունքներս ոտնահարվում են, ուժս չի պատի «Հայռուսգազարդի» հետ պայքարել, միակ ճանապարհը թողնել-գնալն է, կգնամ այնտեղ, որտեղ ծնվել եմ»,- ասաց նա:

14 տարի առաջ Հայաստան վերադարձած Սերժիկ Մոսեսյանը մտադիր է հեռանալ, եթե հարցը չլուծվի, քանի որ անելիք չի մնա: «Երեխաներս այստեղ են ուսում ստացել, համալսարան ավարտել, եղբորս ընտանիքը՝ նույնպես, բոլորս վերադարձել էինք, շուրջ 50 ընտանիք եմ բերել հետս, ամենքը թողել-գնացել են, մնացել ենք մեկ-երկու ընտանիք»,- ասաց նա՝ հավելելով, որ հետո թող իզուր չասեն՝ եկեք, սփյուռքահայեր, ներդրում արեք:

Հարցին՝ հնարավո՞ր է միտումնավոր են գործարանը սնանկացնում, գործարարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նման բան անգամ իր մտքով չի անցնում: Ըստ նրա՝ այս խնդիրն այսօր շատ գործարաններում է առկա, բոլորն էլ մեծ պարտքեր ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել