Նա հիշում է այն պահը, երբ լուսանկարիչը մոտեցավ և լուսանկարեց իրեն: Նա հիշում է իր զայրույթը: Այդ մարդը օտարական էր: Նա դրանից առաջ երբեք չէր լուսանկարվել: Նրան վիճակված էր 17 տարի անց նորից հանդիպել այդ լուսանկարչին: Այդ 17 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չլուսանկարվեց: Լուսանկարիչը ևս հիշում է այդ պահը: Պակիստանի փախստականների ճամբարում այնքան շատ վրաններ էին դրված, որ ասեղ գցելու տեղ չկար: Դպրոցի վրանի ներսում լուսանկարիչն առաջինը հենց նրան նկատեց: Զգալով, որ նա ամաչկոտ է, լուսանկարիչն վերջում մոտեցավ նրան: Աղջիկն ասաց, որ ինքը համաձայն է լուսանկարվել: «Ես չէի կարծում, որ այդ աղջկա լուսանկարը էականորեն կտարբերվի մնացած լուսանկարներից, որոնք ես նկարել էի այդ օրը»: Լուսանկարիչը աշխարհահռչակ Սթիվ Մակքարին էր: 1984 թ.-ի այդ օրը նա վավերագրական ֆոտոշարք էր պատրաստում Աֆղանստանի փախստականների մասին:
1985 թ.-ի հունիս ամսին այդ աղջկա դիմանկարը հայտնվեց National Geographic ամսագրի հունիսյան համարի շապիկին: Նրա կանաչ աչքերում կարելի է կարդալ հալածյալ երկրի ողբերգությունը: Նա հայտնի դարձավ իբրև աֆղան աղջիկ, և 17 տարի շարունակ ոչ ոք անգամ նրա անունը չգիտեր: Հունվար ամսին National Geographic-ի թիմը Մակքարիին Պակիստան տարավ՝ կանաչաչյա աղջկան փնտրելու համար: Թիմի անդամները ցույց տվեցին նրա նկարը Նասիր Բաղի տարածքում: Սա Փեշավարի մոտակայքում գտնվող փախստականների ճամբար է: Հենց այս ճամբարում էլ տարիներ առաջ Մակքարին հանդիպել էր աֆղան աղջկան: Դպրոցի ուսուցիչներից մեկն ասաց, որ ինքը գիտի աղջկա անունը: Նա ասաց, որ նկարում պատկերված աղջիկը Ալամ Բիբին է, ով ապրում է մոտակա գյուղում, սակայն Մակքարին չվստահեց ուսուցչի խոսքերին:

Հայտնվեց մի այլ տղամարդ, ով պնդում էր, որ ճանաչում է նկարում պատկերված աղջկան: Մանկական տարիքում նրանք միասին էին ապրել ճամբարում: Մի քանի տարի առաջ աֆղան աղջիկը վերադարձել էր Աֆղանստան և ներկայումս ապրում էր Թորա Բորայի մոտակայքի լեռներում: Տղամարդն ասաց, որ կգնա նրա հետևից ու կվերադառնա նրա հետ: Երեք օր հետո նրանք ժամանեցին: Աֆղան աղջկա գյուղը սահմանից մոտ վեց ժամվա հեռավորության վրա է գտնվում: Երբ Մակքարին տեսավ նրան սենյակ մտնելիս, ինքն իրեն մտածեց. «Սա հաստատ նա է»: Աֆղան աղջիկն արդեն հասուն կին էր դարձել:
Պարզվեց, որ նրա անունը Շարբաթ Գուլա է: Շարբաթը զարմացավ, երբ իմացավ, թե ինչպիսի մեծ հաջողություն է ունեցել իր լուսանկարը: Հավանաբար նա ինքն էլ չի գիտակցում իր հայացքի զորությունը: Նա աֆղանական ամենամարտատենչ ցեղերից մեկից՝ պաշտուն ցեղից էր: Պաշտունի ժողովրդի մասին ասում են, որ նրանք միայն պատերազմելիս են խաղաղ: Գուցե հենց այդ պատճառով էլ կատաղությունը կայծկլտում է Շարբաթի աչքերում: Նա 28 կամ գուցե 29 կամ անգամ 30 տարեկան է: Ոչ ոք ստույգ չգիտի Շարբաթի տարիքը: Նա ինքն էլ չգիտի, թե կոնկրետ քանի տարեկան է: Մի վայրում, որտեղ ոչնչի մասին գրավոր արձանագրություն չի կազմվում, դժվար է հստակ տեղեկատվություն ստանալ:

Ժամանակն ու դժվարությունները նրա դեմքից ջնջել են երիտասարդական ավյունը: Նրա մաշկը խորշոմել է, սակայն նրա աչքերը դեռևս փայլփլում են: Ժամանակն ի զորու չի եղել մարել այդ փայլը:
- Նա ծանր կյանք է ունեցել, - ասաց Մակքարին,- այստեղ շատերն են արժանացել նրա ճակատագրին:
Ամեն ինչ կարելի է ներկայացնել թվերով: 23 տարվա պատերազմ, 1.5 միլիոն զոհ, 3.5 միլիոն փախստական: Այսպիսին է Աֆղանստանի պատմությունը: Նայեք այս լուսանկարին, որում պատկերված է մի կանաչաչյա աղջնակ: Նրա աչքերն ասես մարտահրավեր նետեն մեր աչքերին: Այդ հայացքից անհանգստություն է փոխանցվում մեզ, և մենք չենք կարողանում աչք կտրել նրանից:
Երբ Խորհրդային Միությունը գրոհեց Շարբաթի երկրի վրա, նա դեռ երեխա էր: Նա ընդամենը վեց տարեկան էր, երբ նրա ծնողները մահացան խորհրդային զորքերի ռմբակոծության հետևանքով: Շարբաթի եղբայր Քաշար Խանն ասաց.
-Մենք պատերազմի պատճառով հեռացանք Աֆղանստանից: Ռուսներն ամենուրեք էին: Նրանք սպանում էին մարդկանց: Մենք այլընտրանք չունեինք:
Իր տատիկի ուղեկցությամբ Շարբաթն՝ իր երեք քույրերի ու եղբոր հետ Պակիստան ուղևորվեց: Մի շաբաթ նրանք քայլում էին ձյունապատ լեռներով՝ մարդկանցից խնդրելով իրենց ծածկոց տալ, որպեսզի գոնե ինչ-որ չափով պաշտպանվեն ցրտից: Նրանք թաքնվում էին քարանձավներում: Այս դաժան ճանապարհորդությունն ավարտվեց փախստականների ճամբարում, որտեղ նրանք ստիպված էին մի հարկի տակ ապրել անծանոթ մարդկանց հետ: Շարբաթի եղբայրն ասաց, որ ռուսների արշավանքը կործանեց իրենց կյանքը: 1990-ականներին, երբ պատերազմական վիճակն ավարտվել էր, Շարբաթ Գուլան վերադարձավ իր հայրենի լեռնային գյուղը: Այս գյուղում մարդիկ հազիվ են իրենց գոյությունը պաշտպանում: Այստեղ չկան դպրոցներ, հիվանդանոցներ, բարվոք ճանապարհներ և անգամ հոսող ջուր: Շարբաթի օրերը սկսվում ու ավարտվում են ծանր աշխատանքով: Լույսը դեռ չբացված՝ նա արթնանում է ու աղոթում: Այնուհետև ջուր է կրում գետակից, ուտելիք պատրաստում, լվացք անում և մաքրում տունը: Նրա մխիթարանքը իր երեք երեխաներն են: Նրա չորրորդ երեխան մահացել է շատ փոքր տարիքում: Շարբաթը հիշում է, որ ամուսնացել է 13 տարեկանում, սակայն եղբայրն անմիջապես միջամտում է՝ ասելով, որ նա 16 տարեկանում է ամուսնացել: Նրա ամուսինը աշխատում է փռում: Նրա աշխատած գումարը հազիվ է բավականացնում ծայրը ծայրին հասցնելու համար: Երբ Մակքարին հարցրեց Շարբաթին, թե նրան ինչպես է հաջողվել փրկվել և դիմանալ կյանքի դժվարություններին, Շարբաթը պատասխանեց.
- Աստված է կամեցել, որ ես փրկվեմ...



