Կիևում շարունակվում են բռնությունները, հարյուրավոր ոստիկաններ ամեն կողմից դուրս են եկել Ուկրաինայի Մայդան: Հակակառավարական ցույցերի պատճառով մայրաքաղաքը մահացու քաոսի մեջ է հայտնվել՝ կատարելով կատաղի ու դատապարտված բացարձակ անհնազանդության վերջնական քայլ: Ցուցարարները նույնիսկ քաղաքի հրապարակում իրենց, այսպես կոչված, գրաված տարածքի` ճամբարի շուրջ կրակի պաշտպանական օղակ են ստեղծել:

Ցուցարարները կրակի մեջ են նետում ձեռքի տակ եղած հնարավոր ամեն ինչ` վերմակներ, անվադողեր, փայտ, պենոպլաստե իրեր և այլն` ցանկանալով հնարավորինս երկարացնել նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ հակակառավարական ցույցը: Հիշեցնենք, որ Յանուկովիչը Ուկրաինայի նախագահ էր ընտրվել 2010թ.-ի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, սակայն այժմ Ուկրաինայի ժողովուրդը պահանջում է վերջինիս հրաժարականը՝ բողոքելով նրա կոռումպացված ու ավտորիտար քաղաքականություն վարելու դեմ:

Ոստիկանները ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, հայտնել էին, որ առնվազն 9 հոգի՝ այդ թվում 2 ոստիկան է սպանվել, սակայն այս թիվն արդեն անցնում է 20-ը: Սա, թերևս, ամենակատաղի բռնությունների օրն էր՝ ավելի քան երկու ամիս տևող բռնությունների արդյունքում, և շատ ուկրաինացիների համար, թերևս, ամենաարյունալին, ու դեռևս երկար ժամանակ կմնա նրանց հիշողության մեջ: Իսկ մինչև այս ամենը կհանդարտվի, զոհերի թիվը, ըստ կանխատեսումների, դեռևս կարող է աճել:

Բժիշկներն ու բուժքույրերը, ովքեր Կիևի Անկախության հրապարակում գտնվող Արհմիության շենքում տեղակայված ժամանակավոր բժշկական կենտրոնում բուժօգնությոն են ցույց տալիս ցուցարարաներին, հաղորդել են հրազենային վնասվածքների մասին և փաստել, որ ոստիկանությունը նռնակներ է օգտագործել ցուցարարների դեմ, որոնց մասին վկայում են վերջիններիս ստացած լուրջ վնասվածքները: Այսօր ավելի վաղ Արհմիության շենքը կրակի էր մատնվել ու կրակի ճիրաններում էին հայտնվում նաև մյուս շինությունները:

Քաղաքի կենտրոնը հայտնվել է խիտ, անտեսանելի ծխի մեջ ու լցվել նռնակների ու հրազենային կրակոցների աղմուկով: Նոյեմբերին սկսված հակակառավարական խաղաղ ցույցերը Յանուկովիչի՝ Եվրոպական Միության հետ ազատ առևտրի գոտու պայմանագիրը մերժելու ու Ռուսաստանի հետ համագործակցելու համար, երեքշաբթի վերածվեցին իսկական մահացու քաոսի:


Բռնությունները կարող են շաբաթներով, ամիսներով ու նույնիսկ տարիներով ձգվել այս փխրուն ու Սովետական Միությունից դառնորեն առանձնացված 46 միլիոնանոց բնակչություն ունեցող  երկրում, որը այս անկարողության մեջ, ենթարկվում է դիմադրությունների, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը խնդրի խաղաղ լուծման անարդյունք ջանքեր են անում: Այս ամենը նաև կասկածի մեջ է դնում Ռուսաստանի ազդեցիկ լինելը, որը պնդում է, թե ցուցարարներն իրականում Ամերիկայի կողմից հովանավորվող ահաբեկիչներ են, ու իրենց կոդավորված հաղորդագրություններով հորդորում են Յանուկովիչին խիստ միջոցներ ձեռնարկել՝ անկարգությունները կանգնեցնելու համար:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Յանուկովիչի հետ ու իր անհանգստությունների մասին հայտնել տեղի ունեցող ճգնաժամի մասին` հորդորելով ետ կանչել կառավարական զինվորական ուժերին ու հնարավորինս զսպվածություն ցուցաբերել:
Յանուկովիչը բազմիցս հավաստիացրել էր, որ ուժ չի գործադրի ցուցարարների դեմ, սակայն ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր զրույցից հետո, կարծես, մտափոխվել է:
Պետք է նշել նաև, որ մարտերը բռնկվեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանը ֆինանսական նոր աջակցություն ցուցաբերեց Յանուկովիչի նկատմամբ՝ 2 միլիարդ դոլարով գնելով Ուկրաինայի կառավարության թողարկած պետական պարտատոմսերը:

Ռուսաստանի այս օգնությունը ազդանշան էր այն բանի, որ այս շաբաթ սպասվելիք Սահմանադրական բարեփուխումների պառլամենտական քվեարկությունների արդյունքն ու նոր կառավարության ձևավորումը կդասավորվի Ռուսաստանին ձեռնտու ձևով:

Յանուկովիչի ընտրած այս ռազմավարությունը կարող է լռեցնել Կիևի Անկախության հրապարակում այսքան ժամանակ նրա հրաժարականի մասին հնչող կոչերը, սակայն չի կարող ապահովագրել երկրի նախագահի նրա պաշտոնը: 

Նույնիսկ Յանուկովիչի մշտական կողմնակիցներից` Ուկրաինայի ամենահարուստ մարդը, միլիարդատեր բիզնեսմեն Ռիհատ Ախմետովն է քննադատել Յանուկովիչին` նշելով, որ ոչ մի իրավիճակ չի կարող ստիպել բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակիչների նկատմամբ:

Կառավարությունը երեքշաբթի փակել է քաղաքային մետրոյի համակարգը՝ թույլ չտալով մարդկանց հասնել այս տարածք: Կեսգիշերից արդեն փակվել են նաև քաղաքի կենտրոն տանող երթուղիները:

Երկրի արևմտյան շրջաններից ակտիվիստները խոստացել օգնություն էին ուղարկել Կիև: 

Անկախության հրապարակի հարձակումը սկսվեց երեկոյան ժամը 8-ից մի փոքր շուտ, երբ ոստիկանական զրահավորված անձնակազմի երկու մեքենա փորձեցին անցնել քարերով շրջափակված արգելքները՝ «Կրեշատիկ» հյուրանոցից հրապարակ տանող ճանապարհին: Մեքենաները թաղվում են ամբոխի մեջ ու քարերով, հրավառության առարկաներով հարձակման ենթարկվում ցուցարարների կողմից: 

Անկարգությունները ճնշող ոստիկանական ֆալանգը «Ուկրաինա» հյուրանոցի մոտ ջրի շիթերի արձակող մեքենաների օգնությամբ ավելի հաջող է կարողանում հետ մղել ցուցարարների բարիկադները` հրապարակի կենտրոն մոտենալով արցունքաբեր գազ օգտագործելով:  Ամբողջովին արյան մեջ կորած` մարդիկ լցվել էին ցուցարարենրի բժշկական կենտրոն: 

Բժշկական կենտրոնի բժիշկներից Վոլոդոմիր Պոգորիլին ասել է, որ 5 հրազենային փամփուշտ է հեռացրել վիրավորված ցուցարարների վերքերից: Ինչպես արդեն նշեցինք, շատերը նաև նռնակների պայթյունների հետևանքով առաջացած վնասածքներ են ստացել: Ցուցարար Եվգենի Ավրամչուկը նշել է, որ բժիշկները նրա սրունքի վերքից խճաքար են հանել, մեկ այլ ցուցարար էլ կրծքին ծակող վերքի ստանալու պատճառով է հայտնվել բժշկական կենտրոնում:

Ուշ երեկոյան ոստիկանությունը կարողացել է ճեղքել «Կրեսշատիկ» հյուրանոցի մոտի բարիկադներն ու միանալ գործընկերներին՝ շրջափակելով Անկախության հրապարակի կենտրոնը, որն առավել հայտնի է որպես Մայդան: Նրանց մոտենալով` ցուցարարները սկսեցին երգել Ուկրաինայի հիմնը:
Արսենիյ Յացենյուկը, ով ցուցարարների առաջնորդներից մեկն է, միայն երկուշաբթի էր վերադարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից, իր վերջին ելույթում դիմելով Անկախության հրապարակում հավաքված ցուցարարներին, ասաց. «Ռեժիմը սկսել է կրակ բացել մարդկանց վրա: Նրանք ուզում են Ուկրաինան թաղել արյան մեջ: Մենք չենք արձագանքի նրանց սադրանքներին, սակայն մենք Մայդանից ոչ մի քայլ հետ չենք գնա»: 

Ցուցարարները բռնեցին երեք ոստիկանի, ովքեր, հավանաբար, փորձել են անցնել «պարագծային կրակի» (ինչպես ցուցարարներն են անվանում) միջով: Նրանք կորած էին արյան մեջ. ցուցարարների մի մասը ծեծի էին ենթարկում, մյուս մասը հորդորում ձեռք չտալ նրանց՝ նշելով, թե ի վերջո գազաններ չեն: Ցուցարարների առաջնորդները ամեն ինչ արել են՝ վստահ լինելու, որ ոստիկանները բուժօգնություն ստանան:

Չորեքշաբթի` ավելի վաղ, ուկրաինական օրթոդոքս եկեղեցու առաջնորդները աղոթքել են խաղաղության համար:
Որոշ ցուցարարներ գիտակցում են, որ ոստիկանության վրա հարձակվելով, նրանք ավելի են սրել իրավիճակն ու հագուրդ տվել բռնություններին, սակայն հուսով են, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կխափանեն Յանուկովիչի իշխանությունը:

33-ամյա ցուցարար Լենա Մելնիկոն նշել է. «Մենք ուրիշ ոչ մի ելք չունենք: Մենք ցույցեր ենք անցկացնում արդեն երեք ամիս շարունակ, սակայն թաղված ենք նույն կետում»:
Ընդդիմադիրներն իրենց ելույթներում նշում են, որ Մայդանից կա՛մ ազատ դուրս կգան, կա՛մ որպես ստրուկներ՝ ավելացնելով, թե չեն ցանկանում ստրուկ լինել:
Ավելի տարիքով կանայք ոստիկաններին մարդասպաններ են կոչում ու բղավում կրակ բացել իրենց վրա, եթե ցանկանում են:

Պետրո Պորոշենկոն, ով ընդդիմադիր կառավարության անդամներից է, և ունի իր հեռուստաընկերությունը, որով հեռարձակում է ցույցերը, կարգապահության ու կառավարության հանդեպ անհնազանդության կոչ է արել՝ նշելով. «Մենք այստեղ ենք ոչ միայն Մայդանը պաշտպանելու, այլև Ուկրաինան: Մենք այստեղ ենք մնում ոչ միայն Կիևի ապագայի համար, այլև Ուկրաինայի միասնության համար»:

Զարգացումներին ուղիղ եթերով հետևեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել