
Դավաճաններին ու ճամաբարափոխներին բոլորը միշտ նողկանքով են վերաբերվել, անգամ նրանք, հանուն ում դավաճանել են այդ մարդիկ: Իհարկե, կան նաև բարդ դեպքեր, երբ հստակ չի կարելի ասել, որ տվյալ մարդը մեղավոր է դավաճանության մեջ, սակայն կան նաև այնպիսինները, որոնք այնքան ակնհայտ են ու ցնցող, որ մտել են պատմության մեջ: Ձեզ ենք ներկայացնում պատմության 5 ամենանշանավոր դավաճանների այս ամոթալի ցուցակը:
5. Սկսենք աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանից և նրա նշանավոր դավաճանից՝ Վանգ Ջինգվեյից:

Երբեմն տարօրինակ է հետևել, թե ինչպես են առաջին հայացքից նորմալ թվացող մարդիկ դիմում դավաճանության: Նույն կերպ կարելի է բնութագրել նաև Վանգ Ջինգվեյի դավաճանության գենեսիսը: Նա ծնվել է 1883 թվականին: 21 տարեկանում ընդունվելով ճապոնական համալսարան՝ ծանոթանում է Սուն-Յատ Սենի հետ, ով չին հայտնի հեղափոխական էր, և իր ազդեցությունը արագ տարածում է երիտասարդ Վանգի վրա՝ նրան դարձնելով մոլի հեղափոխական:
Սենի հետ Վանգը սկսեց ակտիվորեն մասնակցել հակակառավարական ակցիաների, որոնք կազմակերպվում էին հեղափոխականների կողմից, և վերջիվերջո, ինչպես և կարելի էր ակնկալել, Վանգին ձերբակալեցին և բանտ նետեցին, որտեղ նա մնաց մինչև 1911 թվական: Այդ ողջ ընթացքում Սուն-Յատ Սենը շարունակում էր լինել Վանգի գաղափարական ուսուցիչն ու ընկերը: Ի վերջո, Սենը և իր կողմնակիցները հաղթեցին, և 1920 թվականին եկան իշխանության, իսկ երբ 1925 թվականին Սենը մահացավ, Վանգ Ջինգվեյը փոխարինեց նրան Չինաստանի ղեկավարի պաշտոնում:
Հետո եկան ճապոնացիները և Ջինգվեյը փաստացի հանձնեց նրանց իր ղեկավարած հսկա տերությունը՝ ի վերջո բոլորովին մոռանալով ազգային շահի մասին և աշխատելով բացառապես ի օգուտ նվաճողների: Արդյունքում, երկրում սուր ճգնաժամ ստեղծվեց ու Ջինգվեյը, փոխարեն իր ժողովրդի կողքին լինելը, գերադասեց միանալ թշնամու ճամբարին: Սակայն նա մահացավ ավելի շուտ, քան իր դավաճանությունը տվեց իր բոլոր պտուղները:
4. Մարկոս Հուլիոս Բրուտոս… Հուլիոս Կեսարի պատմական դարձած «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս» արտահայտությունը ապրեց դարեր ու հասել է մեր օրերին, և այժմ մենք հստակ գիտենք, թե որքան անվստահելի է ընկերությունը կայսեր ու իր ծառաների միջև: Հարկ չկա ամբողջությամբ վերապատմելու այս դավաճանության տգեղ պատմությունը, բայց փաստը մնում է փաստ՝ երբեմն, ընկեր թվացող մարդը կարող է մեջքի հետևում դաշույն պահելիս լինել, որը նա մխրճելու է ընկերոջ մեջքի մեջ:
Ընդ որում, Բրուտոսը, ով Կեսարի ամենամտերիմ ընկերներից մեկն էր, ոչ թե պարզապես մասնակցում էր այս դավադրությանը, այլև անմիջականորեն ղեկավարում էր այն: Սակայն հարկ է նշել, որ Հռոմի ժողովուրդը չընդունեց այդ դավաճանությունը և, ի վերջո, Բրուտոսը ինքնասպանություն գործեց՝ ընկնելով սեփական թրի վրա:
3. Օլդրիջ Էյմսը ԿՀՎ-ի բարձրաստիճան աշխատակից էր և ուներ երկար ու հաջողակ աշխատելու, իսկ հետո էլ ապահովված ծերություն ունենալու բոլոր շանսերը, սակայն նա ամուսնացավ մի ռուս գեղեցկուհու հետ, ով ինչպես հետո պարզվեց, ՊԱԿ-ի աշխատակից էր:
Նա միանգամից սկսեց Էիմսից պահանջել կյանքի բարեկեցիկ պայմաններ և ամերիկյան երազանքի ի կատար ածում: Իհարկե, ԿՀՎ-ի սպաները նորմալ են վաստակում, բայց ոչ այնքան, որ ամեն օր կարողանան իրենց կանանց թանկարժեք զարդեր ու մեքենաներ նվիրել: Արդյունքում, Էյմսը սկսեց խմել, իսկ հետո էլ աստիճանաբար սկսեց վաճառել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները: Գուշակեք, թե ո՞վ էր նրա հիմնական գնորդը… Բնականաբար, ԽՍՀՄ-ը: Իր գործունեության ընթացքում Էյմսը ՊԱԿ-ին վաճառեց ԽՍՀՄ դեմ աշխատող բոլոր գործակալների մասին տեղեկությունները, ինչպես նաև, ԱՄՆ-ի կողմից իրականացված ավելի քան ռազմական 100 օպերացիայի մասին տեղեկություններ:
Այս կերպ Էյմսը աշխատեց ավելի քան 4.6 միլիոն դոլար, բայց նրան ի վերջո բացահայտեցին ու դատապարտեցին ցմահ ազատազրկման: ԿՀՎ-ի ղեկավարությունը հետագայում խոստովանեց, որ իր գոյության ողջ ընթացքում, Էյմը ԿՀՎ-ի ամենամեծ ձախողումն էր: ԿՀՎ-ն դեռ երկար, շատ երկար էր ապաքինվում Էյմսի հասցրած վնասից: Ինչ վերաբերում է Էյմսի կնոջը, ապա նրան արտաքսեցին երկրից, ու նա ապաստան գտավ Հարավային Ամերիկայում:
2. Ուիդկուն Քվիսլինքը լյութերական հոգեբանի որդի էր, իսկ նրա տոհմը հնագույններից մեկն էր Նորվեգիայում: Քվիսլինգը գերազանցությամբ ավարտեց դպրոցը, հետո անցավ զինվորական ծառայության և արագորեն ստացավ մայորի կոչում, իսկ 1931-1933 թվականներին նա արդեն Նորվեգիայի պաշտպանության նախարարն էր:
Նույն 1933 թվականին Քվիսլինգը հիմնեց «Ազգային համաձայնություն» կուսակցությունը և ստացավ առաջին կուսակցական տոմսը: Նրան սկսեցին «ֆյորեր» կոչել, ինչը նշանակում է առաջնորդ և շատ նման է հնչում գերմաներեն նույնիմաստ «Ֆյուրեր» բառին: 1936 թվականի ընտրություններին այս կուսակցությունը շատ ձայներ հավաքեց և Նորվեգիայում դարձավ խիստ ազդեցիկ:
1940 թվականին Նորվեգիա ներխուժեցին նացիստները, իսկ Քվիսլինգը կոչ արեց իր համերկրացիներին ենթարկվել գերմանացիներին ու դադարեցնել ցանկացած տիպի դիմադրություն: Չնայած նրան, որ Քվիսլինգը Նորվեգիայի հնագույն տոհմերից մեկի ներկայացուցիչն էր, նա միանգամից վաստակեց դավաճանի համբավ, իսկ քաջ ու ազատատենչ նորվեգացիները սկսեցին պայքարել գերմանացի զավթիչների դեմ, իսկ ինքը՝ Քվիսլինգը, մշակեց Նորվեգիայից հրեաների ուղիղ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար տեղափոխելու ծրագիրը:
Մի խոսքով, այս դավաճանը իրոք նշանակալի դեր ունեցավ և ստացավ իր արժանի պատիժը: Նրան ձերբակալեցին 1945 թվականի մայիսի 9-ին: Բանտում Քվիսլինգը հայտարարեց, որ ինքը պայքարում էր Մեծ Նորվեգիա ունենալու համար, բայց դա նրան այդքան էլ չօգնեց, որովհետև նրան գնդակահարեցին նույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ պետական դավաճանության համար:
1. Գիտեմ, որ քչերի համար է անակնկալ, որ այս ամոթալի շքերթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է բիբլիական Հուդան: Նրա դավաճանությունն այնքան ստոր էր ու այնքան հայտնի, որ նրա անունը դարձել է հենց դավաճանության հոմանիշ, իսկ նրա դավաճանության գինը՝ 30 արծաթը, հիմա հավաքական անուն է ծառայում դավաճանության դիմաց ստացված վարձատրության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: