Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հնարավոր է համարում մինչև մայիս 4–ը ԱԺ ոչ իշխանական ուժերի ու քաղաքացիական ակտիվ խմբերի միավորումը և դժգոհության ալիքի պոռթկումը՝ շատ ավելի լայն մասշտաբով: Սակայն նա նաև կանխատեսում է, որ իշխանությունը սրան ընդառաջ ձիով քայլ կանի և կփոխի վարչապետին, ինչպես նաև որոշ նախարարների։
-Տիկի՛ն Խառատյան, ըստ Ձեզ՝ Հայաստանում որքանո՞վ ընդլայնվելու միտում ունի հասարակական դժգոհությունների ալիքը. ամեն օր մի կազմակերպություն բողոքի ցույց է անում՝ մի օր Օպերայի, մի օր՝ ատոմակայանի, մի օր՝ մետրոպոլիտենի աշխատակիցները: Ըստ որում, միայն մեկ՝ կուտակայինի հարցով, բայց կա նաև գազի հարցը, առջևում սպասվում է հանրային տրանսպորտի թանկացում և բազմաթիվ այլ հարցեր:
- Այս պահին, կարծում եմ, դրա համախմբում տեղի չի ունենում, քանի դեռ սպասում են Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը կոնկրետ կուտակայինի մասով: Իհարկե, տրանսպորտային հարցը և Ռուսաստանի միգրացիոն նոր փաթեթը, որը մեր՝ արտագնա աշխատանքի մեկնողների համար շատ մեծ դժվարություններ է առաջացնում, նույնպես ուշադրության կենտրոնում կլինեն, քանի որ վերջինս ուղղակի հարվածում է մեր բյուջեին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում վճարումների, մեր համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը, փաստորեն, այդ ռեսուրսներով են ստացվում: Եվ հիմա մեր վճարողները լրիվ անկարող են դառնում վճարելու հարցում, եթե այդ արտագնա աշխատանք անհնար է դառնում կամ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ չփոխի իր քաղաքականությունը:
Այսինքն՝ ես կանխատեսում եմ, որ մինչև մայիս այս բոլոր կուտակումները, իսկ հնարավոր է՝ նույնիսկ մարտի վերջերին, կպոռթկան: Եվ կարծում եմ, որ այդ տարբեր խմբերի ակտիվիզմի ընթացքը կարող է միավորման հասցնել քաղաքացիներին, ոչ թե քաղաքական ուժերին:
- Բայց չէ՞ որ այդ քաղաքացիներին ինչ-որ առաջնորդող ուժ կամ անհատ է պետք:
- Շատ կարևոր հարց է, ես այսօրվա քաղաքական ուժերից որևէ մեկին չեմ տեսնում, որը այնպիսի վստահություն ներշնչի, որ իր շուրջը միավորվեն, բայց չեմ էլ բացառում, որ այս առաջիկա 2-3 ամիսներին ինչ-որ դաշինք կկայանա այդ ընդդիմադիր կամ՝ կիսառեալ ընդդիմադիրների միջև, և այդ դաշինքը գուցե իսկապես կարողանա այս քաղաքացիական ընդվզումը հավաքել իր շուրջ: Չեմ կարող վստահ ասել, բայց այդ հնարավորությունը չեմ բացառում:
- Նկատի ունե՞ք խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերին:
- Հիմնականում նրանց նկատի ունեմ, նաև նկատի ունեմ քաղաքացիական դաշինքն ու Նախախորհրդարանը, որոնք կառուցվածքային միավորումներ են և թերևս որպես քաղաքական կուսակցություն չեն ընկավում, բայց ունեն պահանջներ, որոնք քաղաքական են: Կարծում եմ, որ եթե իրենց միջև մի դաշինք կայանա, թեկուզև՝ գործողությունների դաշինք, հնարավոր է, որ քաղաքացիական ակտիվ խմբերի միջև էլ դրա միջոցով ու դրա շուրջը միավորում կայանա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



