Այսքան պրիմիտիվ քաղաքական գործիչներ ու քաղաքական մանր խաղեր աշխարհի ոչ մի ուրիշ հետամնաց երկրում չես գտնի: Ամեն ինչ մեզ մոտ այնքան ցածր մակարդակում է արվում, որ անգամ 3-րդ դասարանի երեխայի համար է պարզ: Այսօր 21-րդ դարի խոշորագույն մտածող Սուքիասյան Խաչատուրի կոչն եմ կարդում՝ համայն հայությանը: Մարդն իշխանություններին, եկեղեցուն, հասարակական կազմակերպություններին ու, մի խոսքով, բոլոր-բոլորին կոչ է անում քարոզել, որ 2014-2016-ին հայ ընտանքիներն ունենան առնվազն ևս մեկ երեխա, ու որ դա է ապահովելու մեր ազգի կենսունակությունը: Սուքիասյանը խոսում է ցեղասպանության 100-ամյակից, հայ ժողովրդի տանջված լինելուց, մեր ազգի ապրելու մեծ ցանկությունից ու միայն շատ երեխաներ ունենալու մեջ է տեսնում մեր փրկությունը:

Իսկ ինչո՞ւ Սուքիասյանը հանկարծ հիշեց սրա մասին: Էս մարդը ե՞րբ էր վերջին անգամ ինչ-որ ուրիշ կոչով հանդես եկել: Որևէ մեկդ հիշո՞ւմ է: Մի փորձեք, չեք մտաբերի:

Այդ դարակազմիկ առաջարկի պատճառն այնքան պրիմիտիվ է, որ լացներդ կգա: Ուրեմն էսպես. երեկ ողջ մամուլը ողողել էր մի ինֆորմացիա, որ մեր Խաչիկ ախպորը պատկանող ընկերություններում կենսաթոշակային անօրինական պահումներ են արվել, ու բոլորը առանց վարանելու սկսեցին քննադատել այս օլիգարխին: Խաչիկս նեղվեց, նեղվեց ու սկսեց կիսվել իր շրջապատի մանր և միջին ալենսիմոնյանների հետ: Դե նրանք էլ մի բան պետք է ասեին, չէ՞: Ու էսպես որոշվեց, որ պետք է փրկել բացառապես իր ինտելեկտի և ֆենոմենալ բիզնես ունակությունների շնորհիվ հաջողության հասած այս օլիգարխին:

Ի՞նչ անել, որ քեզ չանպատվեն: Դե իհարկե, խոսել շատ վեհ բաներից, ասել է թե, փորձել թեման ջրել ավելի կարևոր թեմայով, որը յուրաքանչյուր հայի ցավ է պատճառում: Ու հենց այսպես՝ մեր ազգային ցավի վրա խաղալով, Սուքիասյանը որոշում է փրկել իր դիմակը ու որոշում առաջարկել ինչ-որ չիրականանալի բան, որը ինքն էլ հաստատ գիտի, որ անհավանական է:

Ուրեմն այսպես ասեմ. պրն. Սուքիասյան, որպեսզի ընտանիքն ուզի 3-4 երեխա ունենալ, ոչ թե այդ ընտանիքին պետք է համոզեք, այլ ձեր ընկեր բարեփոխիչ վարչապետին, ում այսքա՜ն հաճախ մամուլով կոմպլիմենտներ եք անում: Ասեք նրան, որ չբռնաբարի մեր տնտեսությունը, ասեք, որ այնքան չգոյ չլինի, որ երիտասարդ ընտանիքը արտագաղթելու փոխարեն, իր հայրենիքում լավ պայմաններում ապրի, ու 4-ի տեղը՝ ուզի 10 երեխա բերի: Ձեր կոչի մեջ էլ չեմ խորանում. արդեն ասեցի, թե ինչու եք դա արել: Հուսով եմ՝ գոնե ամաչեցիք: Նաև հուսով եմ, որ այսուհետ ձեր խելքով կշարժվեք ու կպատժեք ձեր կիսագրագետ խորհրդատուներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել