1in.am-ը գրում է.

21-րդ դարում ստեղծագործական ձիրքն ու տենչը դարձել են երկրորդական, և այս երևույթի ակունքները շատ խորն են: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը՝ ասածը հիմնավորելով փաստով:

«Մենք օր օրի հեռանում ենք ստեղծագործական հարաբերություններից: Գիտության արագընթաց առաջընթացն ի վերջո բերելու է նրան, որ սպառողական հասարակարգի պայմաններում ավելի ու ավելի քիչ ստեղծագործ մարդիկ են ծնվելու»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ ժամանակակից մարդու արժեքային համակարգը խախտված է: «Նա չի կարող նստել և գիրք կարդալ, վայելել մշակույթը: Մարդն այսօր ավելի շատ մտածում է՝ ինչպես ավելի շատ գումար վաստակի»,- ասաց Կարինե Հակոբյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն էլ նշեց, որ գրքի դերը մեծացել է: «Ընդ որում, էական չէ՝ գիրքը ձեռքիդ բռնա՞ծ ես կարդում, թե՞ համակարգչի էկրանից»,- ասաց նա:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, հակառակը, համոզմունք հայտնեց, որ ընթերցողն անժխտելիորեն հեռացել է գրքից: «Սակայն ավելի ճիշտ է ասել, որ գիրքը հեռացրել են ընթերցողից: Հիմա աշակերտները գիտեն միայն շտեմարանների այս կամ այն վարժության պատասխանը: Պատմական վեպերը դադարել են նրանց հիացմունքի առարկան լինելուց»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Աբգար Ափինյանը նշեց, որ Հայաստանում ևս, Ռուսաստանի օրինակով, պետք է գրքի և ընթերցողի հանդեպ հոգատարություն սերմանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել