Հարգելի խմբագրություն, վերջերս այնքան են շատացել Rostelecom ընկերության վերաբերյալ վատ արձագանքներով հոդվածները, որ որոշել էի չգրել: Սակայն առանց այն էլ այսքան խաբված մեր հասարակությանը հարկ համարեցի ես եւս մի ավելորդ անգամ զգուշացնել անբարեխիղճ ընկերություններից մեկի մասին` պատմելով իմ գլխին եկած պատուհասը: Որոշեցինք մեր նոր բնակարանում վայելել «նոր սերնդի հեռուստատեսություն» եւ դիմեցինք նման ծառայություն մատուցող «առաջատարներից» մեկին` Rostelecom-ին: Եկավ մի վարպետ, որը ուներ արտոնյալ աշխատանքային գրաֆիկ եւ աշխատում էր մինչեւ 17:00, ինչի պատճառով չէր կարող սպասել իմ` տանը լինելուն, քանի որ ես աշխատում եմ մինչեւ 18:00: Խնդրեցինք մեր հարազատներից մեկին գալ մեր բնակարան եւ դիմավորել վարպետին, եւ քանի որ այդ մարդը մեր տանը չէր բնակվում, բնականաբար չգիտեր, թե որտեղ ուղղորդել տեղադրել սարքը, իսկ իրենք առանց հեռախոսով մեզ հետ ճշտելու տեղադրել էին, որտեղ որ իրենց էր հարմար` ծակծկելով ողջ պատը եւ փչացնելով վերանորոգումը: Աշխատանքից տուն վերադարձա եւ, տեսնելով սարքը, զանգեցի մեր տուն եկած վարպետին եւ խնդրեցի հաջորդ օրը գալ եւ տեղափոխել սարքը: Արժանացա հեգնանքի, թե ժամանակ չունեն, պատվերները շատ են: Դիմեցի սպասարկման կենտրոն, ասացին կփոխանցեն համապատասխան բաժին: Անցավ մեկ օր եւս: Նորից զանգեցի ասացին՝ կտեղափոխեն, խնդիր չկա: Եւս մեկ օր անցավ, կրկին զանգեցի, այս անգամ էլ հայտարարեցին, թե պետք է գնամ սպասարկման կենտրոն եւ դիմում գրեմ: Այդ ժամանակ նյարդերս տեղի տվեցին եւ սկսեցի բղավել օպերատորի վրա, որից հետո 15 րոպեում հարցին լուծում տվեցին: Իսկ այդ ողջ ընթացքում փորձում էինք վայելել «նոր սերնդի հեռուստատեսությունը», սակայն ապարդյուն` ոչ մի հեռուստաալիք նորմալ ցույց չէր տալիս: Ահազանգեցի, ասացին ընդհանուր հարց է, բոլորի մոտ է այդպես եւ 2 օրում կկարգավորվի: Մեկ շաբաթից ավել էր անցել, ոչինչ չէինք կարողանում դիտել: Ստիպված որոշեցինք հրաժարվել ու դիմել մեկ այլ ընկերության: Գնացի սպասարկման կենտրոն: Տարա ամուսնուս կողմից գրված լիազորագիր, քանի որ պայմանագիր կնքելիս ամուսինս ասել էր, որ ես եմ այսուհետ գործողություններ կատարելու իր անունից: Ասել էին՝ պետք է լիազորագրով ներկայանալ: Ամուսինս պայմանագրային զինծառայող է եւ պետք է արձակուրդից հետո մեկներ կրկին ծառայության` 400կմ հեռավորության վրա: Սպասարկման կենտրոնում եւս մի անակնկալի հանդիպեցի: Պարզվեց, որ լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարի կողմից: Բացատրեցի, որ ամուսինս սահմանամերձ գոտում է, եւ նոտար չի կարող գտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ, բացի դրանից, ինչո՞ւ նախօրոք տեղյակ չեն պահել եւ ինչո՞ւ ես պետք է նոտարին վճարեմ չօգտագործած ծառայություններից հրաժարվելու համար: Ասացին, որ կխոսեն ղեկավարի հետ եւ 2 օրում տեղյակ կպահեն` կընդառաջեն, թե ոչ: Անցավ առաջին օրը : Երկրորդ օրը ավարտվում էր` զանգ չկա: Սկսեցի զանգահարել: Ֆուտբոլի գնդակի պես 25 րոպե այս ու այն կողմ անելուց հետո՝ վերջապես զանգահարեց սպասարկման կենտրոնի օպերատորը եւ հայտարարեց, որ ցավում են, բայց ոչինչ չեն կարող անել, կոպիտ ասած, երեւի թքած ունեն՝ մարդը սահման է պաշտպանում, թե ոչ: Ճիշտ է, զայրույթս մի լավ արտահայտեցի, բայց դրանից միայն սիրտս թեթեւացավ եւ շուտով դրամապանակս կթեթեւանա` չմատուցված ծառայության դիմաց վճարելու պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել