Panorama.am-ը գրում է.
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այսօր՝ գրողի ծննդյան օրը, երեխաները կդիտեն «Հենց այն Հուռին» ներկայացումը:
Մինչ բեմադրությունը երեխաներին ներկայացվելու է, թե ով է Թումանյանը:
«Մենք ունենք մանկավարժներ, ովքեր ներկայացնում են: Մանկական ներկայացումներին ներածական խոսքն է կարևոր: Կարևոր է, որ երեխան հասկանա ինչ է թատրոնը, ինչով է ներկայացումը տարբերվում բուն գրական հիմքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով, «Հենց այն Հուռին» բեմադրության մեջ Հուռին այլ կերպ է ներկայացվում. «Կարծում եմ Թումանյանն այնքան խորն է, այնքան բազմակողամանի է, որ այդ մեկնաբանության հնարավորությունը տալիս է: Մեր Հուռին երազկոտ է, պոետիկ է: Մարդիկ կան, որ ծնված են բակ ավլելու, մարդիկ կան՝ բանաստեղծություններ գրելու համար: Չի կարելի բանաստեղծին մեղադրել, որ նա բակը վատ է ավլում: Թումանյանն իր շատ և շատ հեքիաթներում ոսկին օգտագործում է որպես վերևից տրված պարգև: Միայն Անբան Հուռիի մեջ է, որ ոսկի է տրվում որևէ արժանիք չունեցողին: Կամ Թումանյանը խախտել է իր այդ սկզբունքը, կամ մենք պարզունակ ենք դատում: Մեր Հուռին այդպիսին է, նա փեսայից ոչ թե ծամոն է ուզում, այլ աստղիկ»:
Ռուբեն Բաբայանի խոսքով, Թումանյանը սիրված է երեխաների կողմից: Նա նշեց, որ թատրոնն այս րոպեի արվեստ է, եթե այն ինչ ցույց է տրվում, այսօրվա պահանջներին չի համապատասպանում, իհարկե, չի հետաքրքրում:
«Թումանյանի հեքիաթները պետք է փորձել մատուցել այսօրվա էսթետիկական, գեղագիտական լեզվով: Իսկ յուրաքանչյուր դասական, այդ թվում Թումանյանը, ժամանակից դուրս է, նա չի սահմանափակվում ժամանակի մեջ»,- ներկայացրեց թատրոնի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



