1in.am-ը գրում է.

Այսօր լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Տոնին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն նրա անվան տուն-թանգարանում, այլև Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ Թումանյանը համամարդկային արժեք է, որին պետք է ներկայացնել ոչ միայն հայրենիքում, այլև ողջ աշխարհում: 

«Նրա գրածները չեն սահմանափակվում դարաշրջանով, չկան կոնկրետ հերոսներ, բայց կա երևույթը»,- ասաց նա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ այժմ թատրոնում ներկայացվում է Թումանյանի 6 ստեղծագործություն, որոնք բեմադրված են նորովի՝ երեխաների համար հետաքրքիր և հասանելի: «Շատ հետաքրքիր է երեխաների համար ներկայացում պատրաստելը, երեխան միանգամից զգում է սխալները, նա ավելի զգայուն է, քան հասուն մարդը»,- նկատեց նա:

Ռուբեն Բաբայանն ասաց նաև, որ երբ եվրոպացիներն ուսումնասիրում են Թումանյանին, հասկանում են, որ նա եվրոպական աբսուրդի հիմնադիրն է: Դրա վկան է, օրինակ, «Սուտլիկ Որսկանը» հեքիաթը. «Մի քանի տարի առաջ Բոստոն էի գնացել, զարմացա, թե ինչքան կարդացած են նրանք: Շատ կարևոր է, թե ինչ ենք մատուցում երեխային և ինչպես ենք հետևում երեխայի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առողջությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել