«Այս խմորը դեռ շատ ջուր կտանի». Հրաչ Բերբերյանը` «էլիտար» սերմացուի մասինPanorama.am-ը գրում է.

Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Գյուղացիները ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից փոխառության պայմանագրով ստացել են ցորենի էլիտար սերմացու, սակայն ցանելուց հետո որևէ արդյունք չեն ստացել։ Գյուղացիներն այսօր կանգնել են փաստի առաջ. այժմ գյուղնախարարությունը ցորենի սերմի գումարներն է պահանջում: Այսօր «էլիտար» ցորենի սերմացուի պատճառով մի խումբ ֆերմերներ դատարանի առաջ են կանգնել:

Հիշեցնենք, որ «էլիտար» սերմացուների ներկրումը իրականացվել է «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում: 2011թ-ին Հայաստան է ներկրվել 1150 տոննա էլիտար սերմացու, որից 50 տոննան տրամադրվել է ԼՂՀ-ին, մյուսներն էլ՝ հանրապետության 255 շահառուների, որոնք չեն կարողացել կառավարությանը 1 կգ սերմի դիմաց հետ վերադարձնել պայմանագրով նախատեսված 2 կգ սերմ: Մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ ֆերմերները սերմացուն պետք է վերադարձնեն, քանի որ պայմանագրով ֆորս մաժորային իրավիճակների համար ոչ մի լուծում չկա: Գյուղնախարարության մասնագետներն ասում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «էլիտար» սերմացուն չի տվել սպասված բերքը, իսկ ֆերմերներն էլ պնդում են, որ կառավարության սերմացուն էր անորակ:

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ էլիտար սերմացու ներկրողները` հանձինս գյուղատնտեսության նախարարության, մեղքը փորձում են բարդել գյուղացիների վրա: 

«Այդպես փորձում են փրկել իրենց պատիվը: Մինչդեռ այստեղ գյուղացին միանշանակ մեղք չունի, դրա վառ օրինակը այն է, որ օրեր առաջ էլիտար սեմացուի գործով դատարանը վճիռ է կայացրել` հօգուտ ֆերմերի»,- նշեց Հ.Բերբերյանը:

Ըստ նրա` գյուղանախարարությունը փորձում է ամբողջ խնդիրը բարդել բնակլիմայական պայմանների վրա, իսկ ֆորսմաժոր կոչվածը, որը պետք է պարտադիր լիներ պայմանագրով` ներկրողն անտեսել է: Մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը պարտավոր էր ֆորս մաժորային իրավիճակները հաշվի առնել: 

«Ծրագրով ֆորսմաժոր նախատեսված չէ, այսինքն` ցորենի բերք ունենան, թե չունենան պետք է գյուղացիները ցորենի սերմացուի դիմաց վճարեն: Մինչդեռ եթե այդ կետերը չկան, ապա այդ պայմանագիրը թերի է: Այդ պատճառով է, որ դատարանը պաշտպանեց գյուղացուն»,- նշեց Հ. Բերբերյան` հավելելով, որ այս դեպքը կարող է նախադեպ լինել, որպեսզի մյուս ֆերմերներն էլ շահեն հայցերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել