Շուրջ երկու տարի առաջ էր, երբ ընկերներիցս մեկի միջոցով ծանոթացա նրա հետ: Առաջին հայացքից ամեն ինչ սովարական ու պարզ էր. միջին հասակի, սևակն, երիտասարդ մի հոգևորական, ով կուսակրոնության ուխտ էր ընդունել ընդամենը մի քանի ամիս առաջ: Տակավին անփորձ թվացող այս աբեղայից ստանալով ողջույնի «Աստված պահապան»-ը` խնդրեցի «Պահպանիչ» աղոթք ընտանիքիս և հատկապես ծնողներիս համար: Երբ նա աջը դրեց գլխիս, հասկացա, որ գործ ունեմ ապագա մեծ հոգևորականի և սրբակենցաղ մեկի հետ:
Անցավ որոշակի ժամանակ: Մեր մտերմությունը Հայր Սուրբի հետ վերածվեց անկեղծ ու մաքուր ընկերության: Նա դարձավ իմ ու ծնողներիս սպասված և երբեմն նաև անսպասելի հյուրը: Նրա ամեն այցելությունը մեր տուն յուրատեսակ տոն և ուրախություն էր դառնում բոլորիս համար: Կուսակրոն աբեղան ընկերական սեղանի շուրջ վերածվում էր կատակող և ուրախ պատանու, փողոցում` սիրալիր անցորդի, իսկ եկեղեցում` աղոթող վանականի:
Հայր Մինասը ոչ միայն մեր երջանիկ րոպեների ընկերն էր, այլև տխուր օրերի մխիթարիչը: Այն օրվանից, երբ իմացել էր հորս անբուժելի հիվանդության մասին ամեն շաբաթ նրան այցի էր գալիս: Նստում էին միասին, զրուցում, երբեմն կատակում, և, որ ամենակարևորն է աղոթում: Հայր Սուրբը չէր մոռանում նման ծանր պարագային անգամ աստվածային հույս ու հավատ ներշնչել մեզ: Երբ հորս վիճակը վիրահատությունից և բազմաթիվ բուժումներից հետո կտրուկ վատացավ, Հայր Սուրբը նորից նրա հետ էր: Այս անգամ ոչ թե նստած զրուցում էին, այլ հայրս անխոս պառկած էր, իսկ Հայր Մինասը նրա կողքին ծնկած աղոթում էր, անդադար ու անխոնջ աղոթում:
Ողբերգությունը կարծես անցյալում է: Հոգու վերքերը սպիանում են ժամանակի մեջ: Իսկ Հայր Մինասի այցելությունները մեզ չեն դադարում: Հայր Սուրբը հիմա էլ աղոթում է ծերացած մորս առողջության և մեր հոգիներում խաղաղության հաստատման համար:
Աղոթասեր և մարդասեր այս մարդու մասին խոսել կյանքի մի քանի դրվագներով շատ քիչ է: Նա, չնայած իր երիտասարդ տարիքին, լավ խորհրդատու է, խրատող հայր, փորձառու քահանա և իրական ու հասնող ընկեր: Թող Աստված իր բազմահեղ շնորհներով զարդարի Ձեզ սիրելի Հայր Սուրբ և թող Տիրոջ Ամենազոր Խաչն ու Սբ. Մինասի բարեխոսությունը հովանի լինի Ձեզ ողջ կյանքի ընթացքում:
Հ.Գ. Հայրս այսօր կլիներ ուղիղ 80 տարեկան, և եթե հանգամանքները այլ կերպ դասավորվեին նրանք այսօր էլ միասին նստած միմյանց ներկայությունը կվայելեին, կուտեին, կխմեին և, անշուշտ, ինչ-որ բանի շուրջ կբանավիճեին: Սակայն…