1997 թվական: Փարիզ: Օգոստոսի 30: Փարիզյան ամենահայտնի «Ռից» հյուրանոցի մուտքի մոտ լրագրողների մեծ ամբոխ էր հավաքված: Նրանք բոլորը սպասում էին երկու հոգու, ովքեր պետք է ուր որ է դուրս գային հյուրանոցից, իսկ եթե ոչ, ապա առավոտյան ոչ միայն փարիզյան թերթերը, այլև համաշխարհային ամենահայտնի պարբերականների առաջին շապիկներին գրված կլիներ` «Նրանք գիշերն անց են կացրել «Ռից» հյուրանոցում»: 
  23:45 րոպեին հյուրանոցից դուրս եկավ անվտանգության աշխատակիցն ու հայտարարեց, որ շուտով արքայադուստրը դուրս կգա և կկարողանան նկարահանել: Քիչ անց վարորդն իսկապես դուրս եկավ և փորձեց մեքենայի շարժիչը միացնել, սակայն ապարդյուն: Լրագրողները հասկացան, որ «արքայադստերն» այլևս չեն տեսնի այս մեքենան նստելիս: Լսվեցին ոմանց դժգոհությունները, իսկ մի քանի լրագրողներ հեռացան: Հավանաբար նրանք գլխի ընկան, որ այս ամենը կազմակերպված էր: Նրանք չէին սխալվել: Ծառայողական մուտքի մոտ մեկ այլ շքեղ մեքենա էր կանգնած: 00:17 րոպեին լրագրողները հասցրեցին շրջափակել մեքենան, սակայն ուշ էր: Նրան, ում լուսանկարահանում էին ամիսներ շարունակ և ամենուր հետապնդում բառից բուն իմաստով, արդեն մեքենայում էր: Բոլոր կողմերից վառվում էին տեսանկարահանող սարքերի լույսերը: «Մերսեդես» մակնիշի սև մեքենան սկսեց սլանալ մեծ արագությամբ, իսկ մեքենայի ետևից սուրացին մի քանի մոտոցիկլավար պապարացիներ: 

  Մեքենայի արագությունը մեծանում էր, սակայն նույնիսկ այդ ժամանակ չէին դադարում այս ու այն կողմից առկայծող լուսանկարչական սարքերի լույսերը: 
  -Որքան կարելի է նկարել,- լսվեց դժգոհ ուղևորներից մեկի ձայնը: 

  Գիշերային Փարիզի փողոցներով սուրացող «մերսեդեսը» մոտեցավ Ալմա կամրջի մոտ գտնվող թունելին՝ բավականին առաջ անցնելով պապարացիներից և գրեթե անհետացավ նրանց տեսադաշտից: Սակայն հենց թունելի մուտքի մոտ կայանած սպիտակ «Ֆիատ» մակնիշի մեքենան գրեթե հավասարվելով սևաթույր «մերսեդեսի» արագությանը, նույնպես մեծ արագությամբ մուտք գործեց թունել: Մի քանի ակնթարթ անց լսվեցին ձայներ, որոնք անբնական էին և խախտում էին ոչ միայն Փարիզի գիշերային անդորրը, այլև շատ շատերի: Այնտեղ մահանում էր համայն մարդկության սրտերի թագուհին՝ արքայադուստր Դիանան: 
 
  Ես ուզում եմ լինել մարդկանց սրտերի թագուհին: Ինձ Մեծ Բրիտանիայի թագուհի ես չեմ պատկերացնում… 
 
Արքայադուստր Դիանա 
  Արքայադուստր Դիանան ծնվել է 1961թ-ի հուլիսի մեկին: Նրա հայրը՝ կոմս Սպենսերը ցանկանում էր տղա ունենալ, ով կժառանգեր իր կալվածքներն ու ողջ ունեցվածքը, սակայն Դիանան ընտանիքում երրորդ դուստրն էր և ամենափոքրը, ում ամենից շատ էին սիրում: Դիանայի ծնողները ամուսնալուծվեցին: Ամուր ընտանիքն ու ընտանեկան ջերմությունը դարձավ ապագա արքայադստեր ամենամեծ երազանքը: 
  1981թ-ի հուլիսի 29-ին կայացավ արքայազն Չարլզի և Դիանայի ամուսնության արարողությունը, որին հետևում էին ավելի քան 750 միլիոն մարդ: Այս հարսանիքը հեքիաթ էր թվում շատերին, հեքիաթ, որ պետք է հետագայում դառնար դաժան իրականություն: 
  Արքայական նոր ընտանիքը մեղրամիսն անցակացրեց շրջագայելով մի շարք երկրներում՝ Ջիբլալթար, Հունաստան, Եգիպտոս այնուհետև վերադարձան Շոտլանդիա, իսկ հետո Ուելս, որտեղ էլ առաջին անգամ արքայադուստրը ելույթ ունեցավ ու անմիջապես գրավեց լրագրողների ուշադրությունը: Մամուլը երկար ժամանակ անդրադառնում էր արքայադստեր ելույթին: Հասարակությունը անմիջապես սիրեց իր ապագա թագուհուն, արքայադստերը՝ ում վիճակված չէր դառնալ թագուհի, բայց նա պետք է դառնար թագուհի ոչ ի պաշտոնե, այլ թագուհի միլիոնավոր մարդկանց սրտերում: Նրա լեգենդը պետք է հավերժ ապրեր… 
  Դիանայի համար հեքիաթն ավարտվեց հարսանեկան արարողությունից կարճ ժամանակ անց: Արքայազն Չարլզը խոստովանեց, որ սիրում է մեկ այլ կնոջ և այս ամենը այն պարագայում, որ Դիանան ամենաշատն էր ցանկանում ու երազում ունենալ ամուր ընտանիք: Հետագայում իր հայտնի հարցազրույցի ժամանակ նա կխոստովանի, որ ամեն գնով ցանկանում էր փրկել ամուսնությունը, սակայն ցավոք սիրային «եռակյունուն» չէր կարող այլևս դիմանալ: Ամուսնության առաջին տարիները, իսկապես երջանկության տարիներ էին Դիանայի համար, հատկապես երբ ամուսնությունից մեկ տարի անց արքայական ընտանիքում ծնվեց գահաժառանգը՝ Արքայազն Վիլյամը, իսկ երկու տարի անց արքայազն Հարրին: 
  Թվում է թե ամեն ինչ պետք է ավելի հեշտ լիներ, սակայն այդպես չէր: Արքայական ընտանիքի անդամներն ամբողջովին զբաղված էին բարեգործական հիմնադրամների աշխատանքներով և Դիանան ևս ձեռնունայն չմնաց, սակայն ի տարբերություն մյուսների, նա ամբողջությամբ տրվեց աշխատանքին: Նրա անմիջական գործողությունների հետևանքով կտրուկ մեծացան բարեգործության նպատակով ծախսվող գումարները: Նրա ջանքերով ցուցակում ընդգրկվեցին նաև ՁԻԱՀ և լեպրա հիվանդություններով տառապող մարդկանց համար ստեղծված հիվանդանոցներն ու հաստատությունները: Արքայադուստրն անձամբ էր այցելում բոլոր հաստատություններ, նույնիսկ օտարեկրյա պետություններում նա ժամեր շարունակ շփվում էր հիվանդների ու երեխաների հետ: Բոլորը նրան սիրում էին ու հարգում: Նա բարության և համեստության խորհրդանիշ էր: 
  «Աշխարհին պատուհասած ամենածանր հիվանդությունը՝ սիրո պակասն է նրանում և մարդկանց սրտերում…»: Հաճախ կրկնում էր արքայադուստր Դիանան
  Որտեղ էլ նա հայտնվեր, նրան միայն ժպտում էին, ծաղիկներ, մաղթանքներ, բացիկներ ու խաղալիքներ նվիրում: Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր: Նրա յուրաքանչյուր քայլը բաց չէին թողնում առաջատար պարբերականները, ամսագրերն ու թերթերը: Այդպիսով արքայական ընտանիքին նա ապացուցեց, որ իսկապես արքայադուստր է, մարդ որ կարեկցում է բոլորին, տալիս այն ջերմությունը, որի կարիքը շատերն են զգում: Արքայական ընտանիքն էլ կարծես դրական էր վերաբերվում Դիանայի այս աշխատանքին, չնայած այն հանգամանքին, որ արքայադուստրը չէր խնայում իր կարողությունը և նրա գործունեությանը մամուլը մի քանի անգամ ավելի շատ էր անդրադառնում, քան արքայական ընտանիքի մնացած բոլոր անդամներին միասին վերցրած: 
  Հետագայում Դիանան կբարձրաձայնի, որ արքայական ընտանիքի շատ անդամներ նախանձով էին լցված իր անձի հանդեպ, քանզի հանրության ուշադրությունն իր անձի նկատմամբ շատ մեծ էր, քան իրենց: 
  Նա իր հմայքով, համեստությամբ ու խելամտությամբ նորանոր հովանավորների էր գտնում համատեղ բարեգործական ծրագրերն ի կատար ածելու համար: Ոչ ոք չէր կարողանում մերժել արքայադստերն այս հարցում, նա ասես կախարդում էր իր հմայքով բոլորին: 
Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել