Hetq.am-ը գրում է.

Շարունակվում է անցյալ տարի հասարակական մեծ հնչեղություն ստացած «Խոտի դեզի» գործով դատավարությունը: Դեզը ծխահարելու մեջ մեղադրված բոլոր չորս տղաներն էլ Վերաքննիչ բողոք են բերել դատարան: Նրանք խնդրել են դատարանին բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանիդատավճիռն ու կայացնել արդարացման դատավճիռ:

Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը դատարանին ներկայացրեց հիմնավորումներ դատավճռի անօրինականության վերաբերյալ: Արամն էլ, ով կալանքի 6 ամիսներին 2 անգամ հացադուլ էր հայտարարել, իր նկատմամբ կատարվող անօրինականությունների դեմ պայքարելով, լրացրեց իր պաշտպանին՝ հիշելով այն, ինչ իրեն ասել էր քննիչը. «Ասում էր, հո, մեր վրա չի՞ մնալու այս գործը»: Արամը նշեց. «Ավելին՝ դեռ երկու տարի առաջվա դեպքն էլ էին մեզ վրա ուզում «կարել»: Ծիծաղելի՛ է, աբսո՛ւրդ է մեղադրանքն էլ, դատավճիռն էլ: Ինչպե՞ս կարելի է 4 մարդու 4 դրվագով դատել՝ մեկ մարդու ցուցմունքով: Ընդ որում՝ երեք դրվագով ոչ մի վկա ոչ մեկի դեմքը չի տեսել, ոչ մի ապացույց չկա:

Մյուս երեք երիտասարդների պաշտպանները ևս անդրադարձան դեպքին, վեր հանեցին իրենց պաշտպանյալների մեղքը չհիմնավորող մի շարք փաստեր, որոնք, սակայն, դատարանն անտեսել է: Նրանք բոլորն էլ միջնորդեցին կայացնել արդարացման դատավճիռ:

Հիշեցնենք, որ դատավոր Վահե Խալաթյանը Արամ Մուղալյանի և մյուս երեք տղաների նկատմամբ կայացրել էր մեղադրական դատավճիռ՝ Արամ Մուղալյանին ու Ռոբերտ Փիլոյանին դատապարտելով ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Գագիկ Առաքելյանին ու Արթուր Քլյանին` 1 տարի 1 ամիս ժամկետով:

Նրանք անցյալ տարեվերջին համաներման կիրառմամբ ազատ էին արձակվել դատարանի դահլիճից՝ շուրջ 6 ամիս գտնվելով կալանքի տակ:  Ըստ մեղադրանքի՝ չորս երիտասարդներ, անցյալ տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող, վերջինիս պատկանող խոտի դեզին կից հարդը: Ծխահարվել է 30 հակ` Սիաբանդ Խուդոյանին պատճառելով 36.000 դրամի նյութական վնաս:

Այս գործը հասարակական մեծ արձագանք գտավ, տեղի ունեցան տարբեր ակցիաներ, ԱԺ պատգամավորներ դիմեցին խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ, մամուլում այն առատորեն լուսաբանվեց: Մինչ օրս էլ չորս երիտասարդները գտնում են, որ հասարակական արձագանքի արդյունքում դատախազությունը այնպիսի պատիժներ միջնորդեց, որոնք ընկնում էին համաներման կիրառման տակ:

Մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանում կքննվեն պաշտպանների միջնորդութունները:

Զարուհի Մեջլումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել