Slaq.am-ը գրում է.
Խնդրի շուրջ Slaq.am-ը զրուցեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Մանվել Ավետիսյանի և ՀՀ վաստակավոր մարզիչ, երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ մարզիկները նախկինում ցուցաբերած իրենց բարձր արդյունքներից ելնելով՝ այժմ ծառայում են սպորտային վաշտում: Ըստ կարգի՝ բռնցքամարտի ֆեդերացիան գրություն է ներկայացնում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, իսկ այդ կառույցն իր հերթին այն ուղարկում է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի մարզիկներին թույլատրվի մարզումներ անցկանցել և մասնակցել առաջնությանը: Նկատենք, որ մարզիկներին առաջնությանը մասնակցելու թույլտվություն տալու իրավասություն ունի միայն պաշտպանության նախարարությունը, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանդիսանում է զուտ միջնորդ կառույց: Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը տեղեկացրեց, որ բռնցքամարտի ֆեդերացիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գրությունը ներկայացրել է մոտ մեկ ամիս առաջ և ստացել պատասխան, որում ասվում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար չի համարում զինծառայողներ Արման Դարչինյանին, Նարեկ Մելքոնյանին և Արթուր Ներսիսյանին գործուղել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի տրամադրության տակ»: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ պատանիներից Արման Դարչինյանը 2010թ. Ուկրաինայում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի Եվրոպայի պատանիների առաջնությունում 48կգ քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը, Նարեկ Մելքոնյանը՝ 2012թ. երիտասարդների աշխարհի առաջնությունում +91 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը, Արթուր Ներսիսյանը՝2010թ. բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում 52 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը: Նրանք կատարյալ որակով սպորտսմեններ են և ընդամենը 20 օր առաջ բռնցքամարտի ֆեդերացիայի աջակցությամբ Ծաղկաձորում մասնակցել են հավաքի: Այդ ժամանակ էլ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ընթացք չէր տվել և գրություն չէր ուղարկել պաշտպանության նախարարությանը, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային մասնակցելու հավաքին և բռնցքամարտի ֆեդերացիան իր ճանապարհով է տղաներին աջակցել, որպեսզի վերջիններս կարողանան մասնացկել Ծաղկաձորում ընթացող հավաքին: «Նրանց թույլ չտալ մասնակցել առաջնությանը՝ ինքնանպատակ է և տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ինչով են մեղավոր տվյալ սպորտսմենները, որ նրանց ճակատագրի վրա քար են գցում իրենց սխալ գործելաոճով»,- ասաց Մանվել Ավետիսյանը: Հետաքրքրվեցինք, թե արդյոք բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստվում է քայլեր ձեռնարկել, որպեսզի մարզիկները կարողանան մասնակցել առաջնությանը: Նա պատասխանեց, որ ֆեդերացիան այսօր արդեն իսկ գրություն է ուղարկել պաշտպանության նախարարությանը՝ շրջանցելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, քանի որ այդ կառույցի վարած քաղաքականությունը համարում է ոչ ադեկվատ: Նա նաև տեղեկացրեց, որ նախկինում որևէ նախարարի պաշտոնավարման ժամանակ նման խնդիր չի առաջացել՝ որևիցե մարզաձևում: «Մնացել է 5-6 օր, իսկ մարզիկները դեռևս զորամասում են: Եթե նրանք արժանի չեն մասնակցելու առաջնությանը, ապա ինչու են ծառայում սպորտային վաշտում: Ինչպես կարելի է մարզիկին պահել սպորտային վաշտում, որպեսզի նա Հայաստանը ներկայացնի միջազգային մրցումներին, սակայն նրան թույլ չտալ մասնակցել անգամ Հայաստանի առաջնությանը: Նա ինչպես հետագայում պետք է Հայաստանը ներկայացնի այլ երկրներում, դա ֆանտաստիկա է»,- ասաց երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը: