Հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից՝ 2004 թ. փետրվարի 19-ին՝ Բուդապեշտում։ Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978 թ. Երևանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնում է զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։
2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Մարգարյանին քնած ժամանակ՝ հասցնելով 16 կացնի հարված դեմքին։
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ- որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո, լսելով խլացված ձայներ, շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։
«Այդ ժամանակ ես հասկացա. ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է հունգարացին։
Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել:
Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը՝ նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։



