1in.am-ը գրում է.
Կահիրեի և Թել Ավիվի միջև նոր լրտեսական սկանդալ է ծագել: Գլխավոր դատախազությունը քրեական դատարան է փոխանցել գործեր 4 մարդու` երկու եգիպտացիների և իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության երկու սպաների դեմ: Վերջիններս մեղադրվում են Եգիպտոսի տարածքում լրտեսային ցանց ստեղծելու մեջ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Փետրվարի սկզբին Կահիրեում հայտարարվել է մեկ այլ դատական գործընթացի մեկնարկի մասին: Խոսքն ընդհատակյա ցանցի մասին է, որն, ըստ հետաքննության տվյալների, լրտեսությամբ է զբաղվել Իսրայելի օգտին: Այս գործով 8 մարդ է մեղադրվում` 3 եգիպտացի և «Մոսադ»-ի 5 սպա, որոնց հեռակա կարգով կդատեն` նկատի ունենալով երկրի տարածքից նրանց բացակայությունը: Նրանց բոլորին վերագրվում է օտարերկրյա պետության տեղեկություն փոխանցելը, որն «առնչվում է Եգիպտոսի ազգային անվտանգությանը»:



