Լևոն Հայրապետյան. Ղազախների հետ որեւէ ֆինանսական հարց չեմ քննարկելArmsport.am-ը գրում է.

Շուրջ երկու ամիս նոր ակումբի փնտրտուքի մեջ էր Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը:

Երեկ՝ փետրվարի 17-ին հայ ֆուտբոլիստը չեխական «Պրիբրամի» հետ 2.5 տարվա պայմանագիր է կնքել:

Armsport.am-ի հետ զրույցում Հայրապետյանը պատմեց թե ինչպես է հայտնվել Չեխիայում:

- Լևոն, մինչ «Պրիբրամին» անդրադառնալը, խոսենք ղազախական երկու ակումբներում՝ «Ակտոբեում» եւ «Իրտիշում» Ձեր անցկացրած ժամանակահատվածի վերաբերյալ:

- Ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե ես ցանկանում եմ տեղափոխվել Ղազախստան, քանի որ այնտեղ ֆինանսական պայմաններն ավելի լավն են: Ուզում եմ անպայման ասել, որ նման բան չկա: Ես հունվարին մարզվում էի ղազախական թիմերում, քանի որ այդ պահին այլ առաջարկներ չունեի, որպեսզի ընտրություն կատարեի, թե որտեղ եմ մարզվելու եւ որ ակումբ եմ փորձելու տեղափոխվել:

«Ատոբեում» մարզվելու ընթացքում ես որեւէ ֆինանսական հարց չեմ քննարկել եւ տեղյակ էլ չեմ, թե ինչ պայմաններ էին նրանք առաջարկելու…

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք չեխական «Պրիբրամում»:

- Ես որեւէ ֆուտբոլային գործակալի հետ պայմանագիր չունեմ, բայց համագործակցում եմ այդ ասպարեզում աշխատող մարդկանց հետ: Նոր ակումբ գտնելու հարցում մեծ աշխատանք կատարեց Բելգիայում ապրող գործակալ Հայկ Միրիջանյանը: Նրա հետ կապվել էին «Football friends» ընկերության գործակալները: Հայկի ջանքերով ես հայտնվեցի «Պրիբրամում»:

- Չեխիայի առաջնությունում, նախորդ տարի հանդես են եկել հավաքականում Ձեր խաղընկերներ Հրայր Մկոյանը եւ Էդգար Մալաքյանը: Նրանց հետ զրուցե՞լ եք այս կապակցությամբ:

- Զրուցել եմ նաեւ նրանց հետ, բայց ես նույնպես լավ էի ծանոթ Չեխիայի առաջնությանը: Երբ հանդես էի գալիս Լեհաստանում, մի քանի անգամ ընկերական խաղեր ենք անցկացրել չեխական թիմերի հետ: Չեխիայի եւ Լեհաստանի առաջնությունների միջեւ նմանություն կա: Ինձ համար կարեւոր էր, որ կայուն խաղային պրակտիկա ունենամ, իսկ այդ հնարավորությունը նոր ակումբը կտա ինձ:

- Հասցրե՞լ եք կարծիք կազմել «Պրիբրամի» մասին:

- Ստուգողական խաղերը մի փոքր խաբուսիկ են եւ դեռ չեմ կարող ասել, թե լավ ծանոթ եմ թիմին: Նկատել եմ, որ թիմում կան տեխնիկապես լավ պատրաստված տղաներ, իսկ ավելի հստակ կարող եմ խոսել, երբ վերսկսվի առաջնությունը:

- «Պրիբրամում» մարզվելուց հետո, Դուք մասնակցեցիք երկու ստուգողական հանդիպման, իսկ վերջին մրցավեճը բաց թողեցիք: Ո՞րն էր պատճառը:

- Մկանային վնասվածք ունեի եւ միայն այսօր եմ վերսկսել մարզումները:

- Փետրվարի 22-ին «Պրիբրամը» վերսկսում է ելույթները Չեխիայի ընթացիկ առաջնությունում: Կհասցնե՞ք ամբողջովին վերականգնվել մինչեւ այդ խաղը:

- Առաջիկա խաղին չեմ կարողանա մասնակցել: Այս պահին արդեն մտածում եմ մարտի 1-ին կայանալիք մյուս տուրի խաղի մասին: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանամ ամբողջովին պատրաստ լինել:

- Մարտի 5-ին էլ Հայաստանի հավաքականն է անցկացնելու այս տարվա առաջին հանդիպումը…

- Եթե մարտի 1-ին ի վիճակի եղա մասնակցել «Պրիբրամի» խաղին, ապա ոչինչ չի խանգարի, որպեսզի միանամ հավաքականին: Գալիք շաբաթ արդեն պարզ կլինի, թե ինչ վիճակում կլինեմ: Բնական է, հավաքականում հանդես գալու ցանկությունս, ինչպես միշտ, շատ մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել