Lurer.com-ը գրում է.

Հայաստանում գտնվող Միջխորհրդարանական միության բրիտանական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները «Ծիծեռնակաբերդի» բարձունքին անմար կրակի մոտ, ծաղիկ դրեցին ու մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը:

«Կարևոր է գիտակցել, թե ինչ է եղել հարյուր տարի առաջ ու երբեք չմոռանալ: Մեզ համար շատ կարևոր է այս պահին գալ այստեղ: Մոտենում է Ցեղասպանության մեկդարյա տարելիցը, և մենք այստեղ ենք, որպեսզի դատապարտենք այն»,-ասել է հայ-բրիտանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը:

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի պատգամավոր, հայանպաստ գործունեությամբ հայտնի քաղաքական գործիչ Սթիվեն Փաունդն էլ նշեց, որ իրենք այստեղ են ցույց տալու, որ աշխարհը չի մոռանում Հայոց ցեղասպանությունը: 

 «Ես հայ ժողովրդի կողքին եմ ու հպարտ եմ նրանով, թե ով եք հիմա քաջ ու խիզախ ժողովուրդ, ովքեր վերապրել են ցեղասպանություն, բայց երբեք չեն պարտվել»,-նշեց Սթիվեն Փաունդը:

Մեծ Բրիտանիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 31-ին, ինչից հետո շուտով դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Լոնդոնում Հայաստանի դեսպանատունը բացվել է 1992թ. հոկտեմբերին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգընթաց ձեւավորվել են նաեւ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել