Բրյուսելը և Մոսկվան որոշեցին «կիսել» Արևելյան գործընկերության համար պատասխանատվությունըPanorama.am-ը գրում է.

Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Այդ փաստաթուղթը բաղկացած է 20 կետից: Կետերից յուրաքանչյուրը քայլերի որոշակի հաջորդականություն է, թե ինչպես պետք է շարունակի Եվրամիությունն իր հարաբերությունները հետխորհրդային երկրների հետ Վիլնյուսի գագաթաժողովից հետո:

Հայտնի է, որ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Եվրամիությունը կարողացավ ծրագրի մասնակից 6 պետություններից միայն երկուսի՝ Վրաստանի ու Մոլդովայի հետ նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը. Ուկրաինան կասեցրեց համաձայնագրի ստորագրման գործընթացը, իսկ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Ինքնին այդ փաստը ստիպել է Եվրամիությանը վերանայել իր քաղաքականությունը, որդեգրել նոր մոտեցումներ, ներկայացնել նոր առաջարկություններ, այլապես Արևելյան գործընկերության ճակատագիրը կարող է հարցականի տակ դրվել և դառնալ Եվրամիության ամենամեծ ձախողումներից մեկը:

Փաստաթղթի կետերի մեծ մասը ուղղված է հենց դրան: Պատահական չեն օգտագործված բառերը՝ «պահպանել», «շարունակել», «մշակել», «սկսել», «ավելացնել», «բացատրել», «արագացնել» և այլն: Սա մի փաստաթուղթ է, որն արձանագրում է, թե որտեղ է թերացել Եվրամիությունը և ինչ պետք է անել հետո: Փաստաթուղթն ավելի շատ Եվրամիության երկրներին է ուղղված, քան Արևելյան գործընկերության երկրներին՝ որոշելու հետագա գործողությունները և հարաբերություններ կառուցելու սկզբունքները:

Եվրամիությունը փոխում է Արևելյան գործընկերության ձևաչափը

Սկզբնական շրջանում Արևելյան գործընկերությունը մասնակից բոլոր պետությունների համար նախատեսում էր եվրոպական ինտեգրման միասնական օրակարգ, որի եզրագիծը ԵՄ հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումն էր: Սակայն ԱԳ անդամ ոչ բոլոր պետությունները ցուցաբերեցին շահագրգռություն՝ այդ մակարդակի խորացնելու ԵՄ հետ հարաբերությունները: Բելառուսն ու Ադրբեջանը ցանկացան սոսկ ոլորտային համագործակցությունը խորացնել: Իսկ Հայաստանի և Ուկրաինայի որոշումից հետո արդեն ակնհայտ դարձավ, որ այդ միասնական օրակարգն այլևս չի գործում:

Փաստաթղթի 7-րդ կետում կարդում ենք. «Բացի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերից` սկսել քննարկել, այսպես կոչված, «Եվրոպական փաթեթը», որը կենտրոնանում է տեղաշարժի, վիզաների, ուսանողների փոխանակման, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի շատ մասնակցության վրա»:

Սա նշանակում է, որ այն պետություններին, որոնք պատրաստ չեն կամ չեն ցանկանում ԵՄ հետ ստորագրել ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, առաջարկվում է համագործակցության ավելի քիչ հավակնոտ ձևաչափ՝ «Եվրոպական փաթեթը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել