ԲլոգՆյուզ կայքում փետրվարի 15-ին հրապարակվել է «Բաց նամակ ԲՈՀ-ի նախագահին. ԵՊՄՀ Մասնագիտական խորհրդում անօրինականություններ են կատարվում» հոդվածը`փետրվարի 13-ին ՀՊՄՀ -ում գործող «Մանկվարժություն» 020 մասնագիտական խորհրդի հայցորդ Անահիտ Առաքելյանի ատենախոսության պաշտպանության վերաբերյալ: Շատ ցավալի է, որ երիտասարդ պաշտպանողն ունակ է աղավաղել փաստերը, վարկաբեկել գիտական խորհուրդը և զրպարտել նրա անդամներին։ Ի դեպ, կարծում ենք, որ մանկավարժական համալսարանում դասավանդած անձնավորությունը կարող էր գոնե ուսումնական հաստատության անվանումը ճիշտ իմանար` ոչ թե ԵՊՄՀ, այլ ՀՊՄՀ:
Այժմ ներկայացնում ենք մի քանի փաստարկ.
1. Նախ, Անահիտ Առաքելյանը մամուլում ներկայացել է որպես «Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս», ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը, քանզի 2013թ. օգոստոսի 31-ին նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից:
2. Միանգամայն մերժելի է այն պնդումը, որ ԲՈՀ-ից խորհրդի նախագահը ստացել է զանգ-սպառնալիք այն մասին, որ եթե խորհուրդը անցկացնի այդ աշխատանքը, ապա ԲՈՀ-ը կփակի գիտխորհուրդը կամ աշխատանքը չի հաստատվի:
Նման հայտարարությունները հորինել է հայցորդը, այդպիսի բան չի ասվել, ինչը կարող է հաստատել խորհրդի գիտքարտուղարը, որն այդ պահին ներկա է գտնվել սենյակում:
3. Ինչ վերաբերում է Ա. Առաքելյանի՝ իրեն «պաշտպանությանը թույլ չտալու» պնդմանը, պետք է նշել, որ «անտիպլագիատ» ծրագրով աշխատանքը ստուգելու և անհրաժեշտության դեպքում այն վերանայելու նպատակով պաշտպանությունը հետաձգելու հարցը, նախագահը սկզբում քննարկել է նրա գիտական ղեկավարի՝ մ.գ.դ. պրոֆ. Լ. Ս. Ներսիսյանի հետ, որն ըմբռնումով է մոտեցել այդ հարցին: Ընդ որում, նախագահն անընդհատ ընդգծել է այն փաստը, որ միայն ղեկավարը և հայցորդը պետք է որոշում ընդունեն:
4. Ա. Առաքելյանի համոզմամբ, ոչ մի բացասական կարծիք աշխատանքի վերաբերյալ չի եղել, մինչդեռ մեկ ամիս առաջ նախագահի կողմից դիտողություններ են արվել սեղմագրում ներկայացված մեթոդական համակարգի, հետազոտության «տեսաբանական» հիմքի, գիտական նորույթի բացահայտման առնչությամբ: Ցավոք, հայցորդը շտկել է միայն վրիպակներն ու սխալները և ոչ մի փոփոխություն չի արել նշված դիտողությունների վերաբերյալ:
5. Ինչ վերաբերում է Ա. Առաքելյանի «փայլուն» պաշտպանությանը.
ա) նրա գիտական ղեկավար Լ. Ս. Ներսիսյանն ինքն է ատենախոսությունը բնութագրել որպես «միջակ» աշխատություն:
բ) Մեջբերում ենք Ա. Առաքելյանի ուղիղ խոսքը. «Նոր մեթոդական համակարգը դա հավելվածում վարժություն առ վարժություն ներկայացվել է մեթոդական համակարգը: Մենք ներկայացրել ենք մեթոդական համակարգը, որի հիմքում ներկայացված են վարժությունները: Տեսականորեն կարող եմ ներկայացնել (խոսքը մեթոդական համակարգի մասին է), վերցնում ենք հարթությունը, երեխային առաջին հերթին սովորեցնում ենք հարթության կազմակերպում…. Աշխատանքը պետք է լինի այնպիսի, որպեսզի հարթությունը ճիշտ լինի» և այլն:
գ) Բացի այդ, հայցորդը չի կարողացել տալ պատշաճ, բովանդակալից պատասխան այն հարցին, թե ինչ մեթոդական համակարգ է մշակված, և որն է աշխատանքի նորույթը:
դ) Լուրջ թերություններից մեկը, ինչպես նշվեց պաշտպանության ժամանակ, այն էր, որ ատենախոսության թեմայով հրատարակված չորս հոդվածներից ոչ մեկում չկային «ինտեգրատիվ ուսուցում» հիմնաբառերը, որոնք նրա ատենախոսության բուն թեման են արտացոլում: Ըստ հայցորդի, չորրորդ հոդվածում, որը վերնագրված է «Կերպարվեստի ներառական ուսուցման խնդիրը հանրակրթական դպրոցում», ինտեգրատիվ ուսուցումը նույնանում է ներառական ուսուցման հետ: Այդ կապակցությամբ պետք է նշել, որ «ներառական կրթություն» եզրույթն այլ իմաստ ունի մանկավարժության մեջ, այսինքն ՀՀ-ում ներառական կրթություն հասկացությունը հիմնականում օգտագործվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանրակրթական հաստատություն ներառման գործընթացն անվանելու համար:
Ի պատասխան հայցորդի անհիմն եւ հանդուգն մեղադրանքին, թե գիտխորհրդի մի քանի անդամներ ձևավորել են «հանցավոր խումբ», տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ ապացույցներ չներկայացնելու և ներողություն չխնդրելու դեպքում հարցը կքննարկվի դատական ատյաններում: Խորհրդի անդամները գիտությունների դոկտորներ են, պրոֆեսորներ, ոմանք նաև ակադեմիկոսներ, և չի կարող գիտական որևէ վաստակ չունեցող մեկը, առանց հիմնավոր ապացույցների, նրանց վարկաբեկելու փորձ անել։
ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն



