Չվա՞ն է: Լավ չվան է: Չվա՞ն է ու ազատությու՞ն: Բոլշևիկները շեն կենան:
Այս ու նման բառերով են դիմավորել գրականության միջի մեր պապերն ու հայրերը բոլշևիկների գալուստը: Իրական կյանքում մի քիչ հակառակն է եղել, բայց ոչինչ, կարող էր ավելի վատ էլ լինել: Լավ է որ գոնե սենց եղավ: Պետություն ունեցանք, գրագիտացավ ազգը, մշակույթ ու գիտություն ունեցանք: Գրքերը տպագրվում էին հարյուր-հազարանոց տպաքանակներով ու էլի չէր բավարարում: Օրերով եմ հերթ կանգնել «Հայ դասականների գրադարան» և «Ռուս դասականների գրադարան» մատենաշարներին բաժանորդագրվելու համար: Կինոնկարներ նկարվեցին, իհարկե կար նրանցում պրոպագանդա, սակայն հրաշալի ֆիլմեր էին: Օպերաներ ու բարձրարժեք երգ երաժշտություն էլ ստեղծվեց: Գեղանկարչությունը ծաղկում ապրեց: Գիտության մասին էլ չեմ ասում: Շատ նշանավոր գիտնականներ ունեցանք: 
Լավ բաներ շատ եղան: Վատն էլ կար, բայց իմ համոզմամբ մեր բալանսը դրական էր: Սովետից դժգոհ էինք, ճիշտ էինք, որ լավը լիներ չէր ինքնաքանդվի ու մեզ այս շան օրը չէր գցի: Կենսունակ հասարակարգ չէր: Օղորմի իրեն:
Գանք մեր օրերին: Ինչքան թոկից ու բանտից փախած կար դարձան գիտնական, կոմպոզիտոր, միլիոնատեր, տերտեր, ադամանդ, աստղ ու երգիչ, տեղ տեղ նախագահ, պատգամավոր ու գեներալ: 
Երջանկահիշատակ Խեչոյանը մի պատմվածք ունի, կարծեմ, կոչվում է «Դատախազի թաղումը»: 
Վերջինները դարձան առաջին ու սենց ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Մարդկային արատները դարձան բարեմասնություններ, իսկ բարեմասնությունները` արատներ: Միամիտն ու ազնիվը դարձավ վատ բան, գող ու ավազակը` լավ բան:
Դե, իմ նման շատ-շատերը, ովքեր նման ձևախեղումը համարեցին անբնական ու առողջության համար վնասակար, հեռացան երկրից՝ իրենց թանկագին առողջությունը չքայքայելու շատ եսասիրական ու անմարդկային վարք ցուցաբերելով: Ու դրանից նախկին վերջինները առավել ոգևորվեցին: Այնքան ոգևորվեցին, որ արդեն հարյուր-հազարներով են երկրից հեռանում մարդիկ: Հենց այս խառը ժամանակներում էլ սկսվեց համագումարների սեզոնը: Ճառերը հորդում են ջրոտ բերաններից, ինչպես անձրևների սեզոնին հորդ անձրևներն են հորդում բրազիլական ջունգլիներում: Իսկ կապիկները ծառերից կախված ծափահարում են: Շատ ուժգին ու եռանդագին ոգևորելով Վերջին կապիկին, ով դարձել է առաջինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել