
Փարիզում Սենա գետի վրայով անցնող Արվեստի կամրջի (Պոնտ դես Արթս) բազրիքից կարելի է տեսնել կախված հազարավոր կողպեքներ:

Սիրահար զույգերը կողպեքների վրա իրենց անունների առաջին տառերն են գրում ու դրանք փակում, իսկ բանալին էլ նետում են գետը, ինչը խորհրդանշում է նրանց անկոտրում ու անբաժան հավերժական սերը:
Զբոսաշրջիկները լուսանկարվում են կամրջի բազրիքին ամրացված սիրո կողպեքների ֆոնին:

2000-ականններից սիրո կողպեքների ավանդույթը սկսել է տարածվել աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:

Փարիզ այցելող զույգերի համար այս կողպեքները նրանց հավերժական սիրո խորհրդանիշն են: Այլ քաղաքներում կողպեքները նաև կրքի խորհրդանիշ են, ինչպես օրինակ, Սեուլում, Բուդապեշտում, Հռոմում և Տոկիոյում:

Աշխարհի տարբեր անկյուններից ամեն տարի սիրահար զույգերը ցանկացած ձևի ու չափի կողպեքներ են ամրացնում կամրջի բազրիքներին՝ որպես իրենց սիրո խորհրդանիշ:

Այստեղ կարելի է տեսնել ամեն տեսակ կողպեք, ինչպես, օրինակ, այս նկարի դեպքում զույգն իրենց կողպեքը զարդարել է հարսանեկան լուսանկարով:

«Ալեքսեյ և Իննա ընդմիշտ»


Թերևս ամենահաճախը կարելի է հանդիպել սրտաձև, կամ սրտով զարդարված կողպեքներ, ինչպես նաև կողպեքներ «Love» (սեր) գրառմամբ:

Մոտ երկու տարի առաջ ինչ-որ մեկը գիշերը կտրել էր մետաղալարերն ու բոլոր կողպեքները հանել բազրիքներից, սակայն ընդամենը մի քանի ամսում բազրիքները նորից ծածկվեցին տարբեր ձևի, գույնի ու տեսքի կողպեքներով, ու առավել շատ, քան երբևէ:

Ասում են, որ այս զույգերի սերը կոտրելու միակ եղանակը կողպեքի բանալին գտնելն ու այն բացելն է:


Բազրիքներից կախված կարելի է տեսնել նաև Էյֆելյան աշտարակի տեսքով կողպեքներ, ինչպես նաև, փարիզյան փողոցների անունների նշաններով:






