Lurer.com-ը գրում է.
Ֆրանսիայի Վիեն քաղաքում փետրվարի 15-ին տեղի է ունեցել Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրել են բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում առկա իրավիճակին և երկրում գրանցված դրական փոփոխություններին, որոնք վկայում են Արցախի կայուն զարգացման մասին:
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Լիոնում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Վաներ Հարությունյանը, Վիենի և Ռոն Ալպ շրջանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:



