Դարյա Դոմրաչևա. 3 ոսկե մեդալ 1 օլիմպիադայումLragir.am-ը գրում է.

Սոչիի Օլիմպիադայի մեդալների խաղարկության 10-րդ օրը 5 հավաքածու է խաղարկվել, որոնցից 2 ոսկե մեդալ նվաճել են բելառուսները: Բիաթլոնիստ Դարյա Դոմրաչևան հաղթել է կանանց 12.5 կմ ընդհանուր մեկնարկում: Սա նրա 3-րդ ոսկին է Սոչիի օլիմպիադայում: Բելառուսների օրվա 2-րդ ոսկին նվաճել է ֆրիսթայլիստ  Անտոն Կուշնիրը:

Գեղասահքի ազատ ոճում հաղթել է ամերիկյան զույգը՝ Մերիլ Դևիս/Չարլի Ուայթ: Կանադացիները զբաղեցրել են 2-րդ տեղը, ռուսները՝ 3-րդ:

Բոբսլեյի երկու հոգով մրցումներում տղամարդկանց պայքարում հաղթել են ռուսները: Արծաթե և բրոնզե մեդալները բաժին են հասել համապատասխանաբար շվեյցարացիներին և ամերիկացիներին:

Դահուկացակտի տղամարդկանց թիմային մրցաշարում ուժեղ են գտնվել գերմանացիները: Երկրորդ տեղը զբաղեցրել են ավստրիացիները, բրոնզե մեդալը նվաճել են ճապոնացիները:

Փետրվարի 17-ին կայացել են հոկեյի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչները: ԱՄՆ-ը 6-1 հաղթել է Շվեդիային, Կանադան՝ 3-1 Շվեյցարիային: Եզրափակիչում ոսկե մեդալները կվիճարկեն ԱՄՆ և Կանադայի հավաքականները:

Մեդալային հաշվարկում առաջատարը գերմանացիներն են՝ 8 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ: 6 հավաքականներ՝ Ռուսաստանը, Նիդերլանդները, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Շվեյցարիան և Բելառուսը 5-ական ոսկե մեդալ ունեն: Մեդալների քանակով առաջատարը Ռուսաստանի և ԱՄՆ հավաքականներն են՝ 18, հոլանդացիներն ունեն 17 մեդալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել