1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի Խորխե Պերեսի անվան թանգարանի այցելուն կոտրել է հայտնի չինացի այլախոհ նկարիչ Այ Վեյվեի արվեստի գործը՝ 1 մլն դոլար արժողությամբ ծաղկամանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան մամուլին:

51-ամյա տեղացի նկարիչ Մաքսիմո Կամիներոն մտել է այն սրահ, որտեղ ցուցադրված են եղել մի քանի ծաղկամաններ՝ առանց պաշտպանիչ ցուցափեղկի: Տղամարդը վերցրել է ցուցանմուշներից մեկը, իսկ երբ անվտանգության աշխատակիցները նրան խնդրել են այն տեղը դնել, նա ամբողջ ուժով ծաղկամանը գետնին է նետել:

Կամիներոն հայտարարել է, որ այդ կերպ նա իր բողոքն է արտահայտել այն բանի դեմ, որ թանգարանում ցուցադրվում են միայն օտարերկրյա նկարիչների գործերը: Այլ մեկնաբանություններից նա հրաժարվել է՝ հայտարարելով, որ ավելի ուշ հատուկ մամլո ասուլիս կհրավիրի:

Կամիներոյի դեմ առաջադրվել է վնաս հասցնելու մեղադրանք: Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Կոտրված ցուցանմուշը անցյալ տարի բացված ցուցահանդեսի այն հին 16 ծաղկամաններից մեկն էր, որը Այ Վեյվեն նկարել էր վառ գույներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել