«Ժամանակ» թերթը գրում է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից հետո նոր թափ է հավաքել «բանավեճը» քաղաքական դաշտում ԲՀԿ-ի տեղի եւ դերակատարության կամ պարզ ասած՝ ընդդիմություն լինել-չլինելու շուրջ: «Բանավեճն» ըստ էության ընթանում է հին փաստարկներով՝ պարզապես նոր թափով:

Բանն այն է, որ փետրվարի 15-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարը այս «բանավեճում» որեւէ լրացուցիչ փաստարկի հնարավորություն կամ առիթ չի տվել: ԲՀԿ-ն իր ամպլուայի մեջ էր՝ ելույթները կարող են լինել ուզածդ «Հռոմի պապից» ավելի «կաթոլիկ», սակայն կուսակցությունը համառորեն շարունակում է հայտարարել իր այլընտրանք լինելու մասին: Եվ այս մասին միանգամայն պարզ ու հստակ հայտարարեց նաեւ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում:

Այդ ամենից հետո առնվազն զարմանալի է, երբ կան շերտեր ու խմբեր, որոնք շարունակում են ԲՀԿ-ին ներկայացնել որպես ընդդիմություն: Մյուս կողմից՝ շատերը իրավացիորեն նկատում են, որ խնդիրն այն չէ, թե ինչ է հռչակում իրեն ԲՀԿ-ն: Խնդիրն այն է, թե ինչ է անում, այսինքն՝ անում է ընդդիմադի՞ր կուսակցության գործ, թե՞ այլ բան:

Այս տեսանկյունից, երբ լսում ենք ԲՀԿ-ի խոսքը, եւ այդ խոսքը մեկ անգամ եւս հնչեց համագումարում, ապա կարող ենք ասել, որ սա ընդդիմադիր կուսակցության խոսք է: Սակայն երբ համադրում ենք այդ խոսքը գործին, ապա այստեղ, մեղմ ասած, շարունակում են պահպանվել բազմաթիվ հարցադրումներ ԲՀԿ-ի՝ ընդդիմություն լինելու մասին: Այսինքն՝ ոչ միայն կուսակցությունն ինքն իրեն ընդդիմություն չի կոչում, եւ այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ ընդդիմություն է, այլ նաեւ նրա գործը շատ հեռու է ընդդիմություն լինելու գործից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել