Aysor.am-ը գրում է.

75-ամյա Բորիս Դալլաքյանը 12 ու 15-ամյա որդիներ ունի:  «63 տարեկանում երեխա ունենալը ռիսկի գնալու պես բան է: Հազար ու մի հարց կա»,- ասում է նա: 

«Լևոնի տարիքին թոռներ ունեմ»,- ավելացնում է:

Aysor.am -ի «Միայնակ հայրեր» շարքի այսօրվա հերոսը  Բորիս Դալլաքյանն է:

Լևոնը Բորիսի կրտսեր որդին է: Հոր խոսքով՝ իր 5 երեխաներից ամենայուրահատուկը: Ոչ այն պատճառով, որ փոքրն է. Լևոնը մնացածից տեսակով է տարբերվում:

«Բացառիկ նուրբ զգացողություն ունի: Լևոնի հետ շատ հույսեր եմ կապում: Տաղանդավոր է»,- ասում է հայրն ու ավելացնում, որ Լևոնը մայրիկի գեներն է ժառանգել:

Լևոնը մայրիկին գրեթե չի հշում, բայց գիտի, որ նա սիրում էր դաշնամուր նվագել:

«Երևի իմ պատմածներն էլ պատճառ դարձան: Ինքը մի օր ասաց, որ ուզում է դաշնամուր նվագել: Մոր մահից հետո դաշնամուրը առաջին անգամ Լևոնն է բացել: Ոչ ոք նրան չի ասել, որ պետք է նվագել սովորես: Իր ցանկությունն է: Դաշնամուրց հետո երաժշտության հանդեպ նրա սերը գնալով մեծացավ: Մի օր էլ հայտարարեց, որ հիմա էլ կիթառ պետք է նվագի: Դաշնամուրի հարցը հեշտ էր, որովհետև կնոջս դաշնամուրը կար: կիթառի մասին սկսեցինք մտածել: Մի օր էլ, երբ էլի խոսք բացեց, որոշեցի, որ ոնց ուզում է լինի, պետք է առնեմ, թեկուզ ոչ նոր ու ոչ այնքան թանկարժեք: Գնացի առա: Թոշակ ստանալու մեջ լավ բան էլ կա, չէ՞ ախր»,- պատմում է Բորիսը վերջին բառերից հետո բարձր ծիծաղելով:

Հայրը սիրում է որդուն լսել. կապ չունի կիթառով թե դաշնամուրով: Ափսոս, որ դրա հնարավորությունը միայն հանգստյան օրերին ունի. մնացած ժամանակ երեխաները գիշերօթիկում են:



Այս փոքրիկ ընտանիքի ամենալուռ անդամը 15-ամա Հովհաննեսն է: 

«Հովիկի հետ ամեն ինչ ավելի բարդ է: Այս տարիքում տղաները փոխվում են: Ուզում են ավելի ինքնուրույն լինել: Հովիկը առաջ էլ չխոսկան էր, բայց հիմա մի քիչ էլ է բարդացել: Տարիքի հետ կանցնի»,- ասում է հայրն ու ավելացնում, որ աշխատում է Հովիկի հետ զգույշ լինել:

«Չեմ էլ արգելում շատ բաներ, գիտե՞ք: 15 տարեկանում դաջվածք էլ ունի: Ահագին զիջող եմ գտնվել»,- ասում է:

Թեև Հովիկը գրեթե չի խոսում, բայց նրան տված հարցերը կրտսեր եղբայրը անպատասխան չի թողնում: 
-Լավ, գոնե ասա՝ ի՞նչ ես ուզում դառնալ,- հարցնում եմ:


Հովիկը լռում է, իսկ Լևոնը չարաճճի ժպիտով պատասխանում. «Երևի տատու անող»:



Լևոնն ասում է՝  եղբայրը լավ է նկարում, բայց ամաչկոտ է: Ինքը նվագեց, բայց Հովիկն իր նկարները ցույց չի տա:
Լևոնը եղբոր մասին էլի շատ բաներ է պատմում. ինքը ոչ մի բանից չի վախենում, որովհետև Հովիկը ուժեղ է:
- Փաստորեն միշտ պաշտպանում է քեզ,- հարցնում եմ ես:

- Որ պետք լինի, հա: Ես էլ իրեն կպաշտպանեմ, լիքը արել եմ,- ասում է Լևոնը, իսկ հայրը հիշում է մի քանի տարի առաջ տեղի ունեցած մի դեպքի մասին ու ցույց տալիս դարակներից մեկը, որի վրա բացիկներ են փակցված:

«Բացիկները սիրունության համար չեն: Լևոնը դրանցով փրկեց Հովիկին պատժվելուց (ժպտում է, հեղ.): Տանը չէի, չգիտեմ՝ ինչ են արել, Հովիկը դարակին է խփել ու կոտրել: Եկա, տեսնեմ Լևոնը նկարներ ու բացիկներ է կպցրել, ինքն էլ տենց սովորություն ունի, ասում է՝ սենց սիրուն ա: Ահագին ժամանակ անց նոր իմացա՝ ինչ է եղել: Նման բաներից ես ավելի լավ եմ զգում: Ես էսօր կամ, էգուց՝ չէ, լավ է զգալ, որ իրենք իրար կողքի են»,- պատմում է տղաների հայրն ու հիշում վերջերս տեղի ունեցած մեկ այլ դեպքի մասին:

«Ես միշտ մտածել եմ, որ իրենք շատ փոքր են: Էս վերջերս մի դեպք եղավ, որ հասկաացա, որ, օրինակ, Հովիկը էլ երեխա չի: Իջել էի բակից բանջարեղեն առնելու: Ես ու վաճառողը, որ ջահել տղա էր, մի փոքր վիճեցինք: Հովիկը պատուհանից նայում էր ու մեկել էն տեսնեմ՝ կատաղած մեր կողմն է գալիս ու եթե թողնեի՝ մեծ կռիվ կդառնար: Մինչ էտ օրը մտածում էի, որ ես եմ իրենց պաշտպանողը, իրենց մեջքը, էտ օրը հասկացա, որ հակառակն է»:

Երեխաների հայրը ծանր վիրահատություն է տարել. հիմա էլ առողջական խնդիրներ ունի, բայց այդ մասին քիչ է մտածում:
«Ինձ ի՞նչ, տարիքս առել եմ: Ինձ էս աշխարհում պահողը իրենք են: Մեկ-մեկ ասում են՝ ջահել ես երևում: Կարող ա, բայց էտ նրանից չի, որ ինձ ջահել եմ զգում, այլ նրանից, որ անչափահաս երեխաներ ունեմ: Ուզում եմ ապրել, որ տղաներս մենակ չմնան: Ճիշտ է, շաբաթվա 5 օրը իրար հետ չենք, բայց իմանալ, որ ես տանը սպասում եմ, էլի բան է»:



Իսկ շաբաթվա 5 օրը Բորիս Դալաքյանը մենակ է: Տնից գրեթե դուրս չի գալիս, երբեմն գնումների է իջնում, երբեմն բակ, իսկ ժամանակի մեծ մասը տանն է անցկացնում: 

-Իսկ ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղվում,- հարցնում եմ:

- Հեռուստացույց, գիրք, ի՞նչ պիտի անեմ: Մեկ էլ՝ ալբոմները,- ասում է մեր հերոսն ու բերում ընտանեկան լուսանկարները:
- Մենակ ժամանակ շատ եմ թերթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել