Lragir.am-ը գրում է.

Աշխարհի այս կամ այն երկիրը 100 տարում է հասել ենթակառուցվածքային բարձր մակարդակի, մեզ դա հաջողվեց 7 տարում: Սա Սոչիի ձմեռային օլիմպիադայի կապակցությամբ Ռուսաստանի պաշտոնական քարոզչության առաջնային «փաստարկներից» մեկն է, որով այդ քարոզչության առաջամարտիկները փորձում են ռուսաստանցիներին համոզել, ապացուցել, թե ինչ մեծ ազգ են իրենք եւ ինչերի են ընդունակ:

 Այս ջանքը հատկանշական է նաեւ Հայաստանի հեռվից, քանի որ թե Ռուսաստանում, թե Հայաստանում, թե ընդհանրապես որեւէ ամբողջատիրական կամ բռնատիրական երկրում, պաշտոնական քարոզչությունն աշխատում է գրեթե նույն ոճով ու տրամաբանությամբ՝ վերցնել առանձին, լոկալ մի իրավիճակ եւ փորձել այդ կապակցությամբ բարձրացնել այնպիսի աղմուկ, որը հնարավորինս երկար ժամանակով կխլացնի խնդիրների եւ տապալումների մասին քննադատությունն ու ընդդիմախոսությունը՝ մինչեւ կգտնվի փչելու մի նոր առանձին, լոկալ առիթ:

 Ու հաշվի առնելով ամբողջատիրական կառավարման համակարգերի այդ ընդհանրությունը, Ռուսաստանում տեղի ունեցող փչոցին արժե հետեւել նաեւ Հայաստանից:

 Իսկ այն, որ տեղի է ունենում պարզ փչոց, ակնհայտ է դառնում իրավիճակի փոքր ինչ ընդգրկուն ու խորը հասկանալու ամենապարզ փորձից:

 Օրինակ, հաջորդ ձմեռային օլիմպիադան տեղի է ունենալու Հարավային Կորեայում: Կազմկոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, որ այն կարժենա 9 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ Սոչիի օլիմպիադան արժեցել է 52 միլիարդ դոլար:

 Տարբերությունն իհարկե միայն գողությունը չէ: Տարբերության պատճառ է նաեւ այն, որ Հարավային Կորեան հենց այն երկրներից է, որտեղ ենթակառուցվածքները զարգացել են «100 տարում»: Դա հնարավորություն է տալիս խոշոր միջոցառումների համար ծախսել հնարավորինս քիչ փող: Բայց, խնդիրը միայն դա չէ:

 Խնդիրն այն է, որ քարոզչական փչոցիի ընթացքում չի խոսվում ամենակարեւորի մասին: Իսկ ամենակարեւորը այն է, որ «100 տարվա զարգացածության» երկրներում, ենթակառուցվածքները հեռուստառեպորտաժների նյութ եւ ծնծղաների առարկա չեն, այլ մշակույթ: Զարգացումն այդ երկրներում մշակույթ է, հանրային, պետական մշակույթ, որը տարածված է ամբողջ երկրով: Մշակույթ, որը արտահայտվում է ոչ միայն քաղաքաշինական ձեռքբերումներով, այլ նաեւ հանրային վարքով, մենեջմենտով: Այսինքն, 100 տարին կամ տասնամյակները ոչ միայն ձեռքբերման, այլ ձեռքբերածը պահպանելու շարքն է, ցանկը, գործընթացը:

 Այդ երկրներում բարեկարգ տարածքներ, հարմարավետ մարզահրապարակներ, տրանսպորտային եւ զբոսաշրջային ենթակառուցվածքներ են ամենուրեք, ոչ թե առանձին վերցրած մի փոքր օլիմպիական ավանում: Ոչ թե ինչպես ԽՍՀՄ-ում, որտեղ 1980 թվականի ամառային օլիմպիադայի համար Մոսկվայի մի հատվածում կառուցել էին արդիական պատկերով օլիմպիական ավան եւ արել ամեն ինչ, որ հյուրերը հնարավորություն չունենային դուրս գալ ավանից եւ տեսնել իրական Մոսկվան:

 Իսկ ի՞նչ կտեսնեն Սոչիի հյուրերը, դուրս գալով եւ շրջելով իրական Ռուսաստանում, կամ մյուս Ռուսաստանում: Իսկ ինչը եւ ինչպե՞ս է պահպանվելու Օլիմպիադայի ավարտից տասնյակ տարիներ անց Ռուսաստանում:

 Այստեղ է «100»-ի եւ «7»-ի տարբերությունը:

 «100»-ի դեպքում ոչ ոք ոչինչ ապացուցելու անհրաժեշտություն չի տեսնում՝ կյանքն ինքն արդեն ապացուցած է լինում շատ բան, տվյալ պետությանն արժանի տեղ տալով համաշխարհային մրցասպարեզում: «7»-երը ստիպված են անընդհատ ինչ որ բան ապացուցել, ընդ որում ոչ թե դրսում ինչ որ մեկին՝ լավ գիտեն, որ դրսում որեւէ մեկին խաբելն անիմաստ գործ է, այլ իրենց իսկ սեփական ժողովրդին: Գլխավորը իհարկե՝ ապացուցել իշխելու իրենց իրավունքը, ապացուցել հասարակության լռելու անհրաժեշտությունը կամ խոսելու անթույլատրելիությունը: «Ինչպե՞ս, մենք փառահեղ օլիմպիադա ենք անում, իսկ դուք խոսում եք խնդիրների՞ մասին: Ինչպե՞ս, տեսնում եք մեր հոկեյի հավաքականի խփած գոլն այդ ջհուդամասոնները չեն հաշվում, իսկ դուք փոխանակ դրանից բողոքեք, գողությունից ու կոռուպցիայի՞ց եք բողոքում: Դուք ազգի թշնամի եք, դուք արժանի չեք այս երկրին, այս օլիմպիադային, այս իշխանությանը: Մենք իզուր էլ 52 միլիարդով բավարարվեցինք, պետք է ձեզանից մի 100 միլիարդ գողանայինք, որ նոր իմանայիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել